ՀԱՊԿ-ն ունակ է պատասխանել ՆԱՏՕ-ի գործողություններին, բայց վերջինիս թշնամի չի համարում

ՀԱՊԿ-ն ունակ է պատասխանել ՆԱՏՕ-ի գործողություններին, բայց վերջինիս թշնամի չի համարում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարող են հանգուցալուծվել միայն խաղաղ քաղաքական ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Վեստի 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այսօր այլընտրանք չկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ, նաև Լեռնային Ղարաբաղին»,-ասել է Բորդյուժան:

Նա նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում առաջացած հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: «Խաղաղ համաձայնագիր է պետք, պետք են խնդիրների լուծման քաղաքական ձևեր: Ես կողմ եմ, որ բոլոր այդ հակամարտությունները լուծվեն միայն քաղաքական ճանապարհով»,-ասել է Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Կազմակերպության անդամ պետությունները ստեղծելու են անվտանգության համակարգ, որն ունակ է պատասխանելու ՆԱՏՕ-ի գործողություններին, սակայն ՆԱՏՕ-ին թշնամի չի համարում:

«Մենք չպետք է պատասխանենք սադրիչ գործողություններին, սակայն պետք է ստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որը կկարողանա պաշտպանել մեզ ցանկացած չմտածված արկածախնդրությունից, այդ թվում ՆԱՏՕ-ի»,-ասել է Բորդյուժան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ արձագանքելու Դաշինքի ներկայության ընդլայնմանը կազմակերպության սահմանների մոտ: ՆԱՏՕ-ի որոշումը ՌԴ սահմանների մոտ ռազմական խմբավորումների ավելացման մասին, այդ թվում ռազմական ավիացիայի, Բորդյուժան հակաարդյունավետ քայլ է համարել:

«Սրանք ահաբեկմա՞ն գործողություններ են: Բայց դրանք ոչ մի արդյունք չեն տալիս»,-ասել է նա: ՀԱՊԿ-ը չի ենթադրում ռազմական հակամարտության հնարավորություն ՆԱՏՕ-ի հետ: «Մինչև վերջերս ՆԱՏՕ-ն մեր կողմից ընկալվում էր որպես գործընկեր»,-ասել է Բորդյուժան:

«Ուկրաինան ցույց տվեց, թե ինչու կյանքի չկոչվեցին ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափի շփումներն ու գործակցությունը: Այլ էին քաղաքական պատճառները: Այնպես էր պետք անել, որ Ռուսաստանի հարևանությամբ լարվածության օջախ հայտնվեր: Եվ այստեղ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները վերջին դերը չխաղացին»,-հայտարարել է Բորդյուժան:

Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք ներկայացրեց Գերագույն ռադայի քննարկմանը երկրի արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին: Արդեն դեկտեմբերի 23-ին խորհրդարանը հավանություն տվեց առաջարկին: Հիմնավորման մեջ ասվում էր, որ «դա թույլ կտա ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել»:

«Արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին Ուկրաինայի խորհրդարանի որոշումը չի սպառնում ՌԴ անվտանգությանը, քանի որ դա քաղաքական որոշում է, սակայն եթե այն հետագայում ռազմական իմաստ ստանա (անդամակցում ՆԱՏՕ-ին), ապա մենք համարժեք կգործենք: Այդ դեպքում ՆԱՏՕ-ի հետ ամբողջական խզում կլինի, որը վերականգնել հնարավոր չի լինի»,-ասել է Անտոնովը:

Դեռ նոյեմբերին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը դադարեցրել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը՝ «Դաշինքի ապակառուցողական և թշնամական գործողությունների» պատճառով:

«Հաշվի առնելով ապակառուցողական ու հաճախ թշնամական գործողությունները ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի ու ՀԱՊԿ դեմ… դադարեցվում են ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը զարգացնելու է հետագա գործակցությունը ԵԱՀԿ հետ, ամրապնդելու է գործակցությունը ՇՀԿ հետ ու կապեր է հաստատելու Լատինական Ամերիկայի երկրների ու Իրանի հետ»:

Հունիսին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը:

Ավելի ուշ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չի վերաբերում կազմակերպության անդամ երկրներին: Ըստ նրա, Բորդյուժայի խոսքերը վերաբերվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: «Բորդյուժայի հայտարարությունը վերաբերվում է կոնկրետ երկու կազմակերպությունների հարաբերություններին, ոլ թե անդամ երկրներից որևէ մեկի հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ»,-ասել էր Շավարշ Քոչարյանը:

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:

ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:

2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---