ՌԴ ԱԳՆ. Սարգսյան-Ալիև հանդիպումը Սոչիում նվազեցրեց լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում

ՌԴ ԱԳՆ. Սարգսյան-Ալիև հանդիպումը Սոչիում նվազեցրեց լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - 2014-ին Ռուսաստանը նպատակային ջանքեր է գործադրել ԱՊՀ տարածքում հակամարտությունների հանգուցալուծման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն ՝ ամփոփելով տարին:

Գերատեսչությունում նշել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Ռուսաստանի միջնորդական գործունեության կարևոր փուլ եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին կայացած Սոչիի հանդիպումը, որը թույլ տվեց զգալիորեն նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում ու հստակեցնել կողմերի դիրքորոշումը:

ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում են ունեցել Սոչիում, որտեղ քննարկել են աննախադեպ սրացումը ղարաբաղյան հակամարտության շփման գծում: Հանդիպմանը կողմերը հաստատեցին խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու մտադրությունը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կողմ հանդես եկան ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը և հույս հայտնեցին, որ Ռուսաստանը կաջակցի այդ գործում:

ՌԴ ԱԳՆ-ում նշեցին նաև, որ ռուսական կողմն ակտիվորեն աշխատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակում»: Միջնորդները 5 հանդիպում են ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ, մի շարք խորհրդակցություններ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, շփումներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմի կորուստները:

«Եթե նախկինում լինում էին կրակոցների առնվազն 30-50 դրվագներ եւ օգտագործում էին մինչեւ 1000 փամփուշտ, այսօր փամփուշտների թիվը 3000-6000-ի է հասնում: Ես բազմիցս եմ ասել, որ մենք միայն պատասխանում ենք կանոնավոր դիպուկահարների կրակոցներին: Եթե լինում են սադրանքներ, մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլև կանխել»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին Ադրբեջանի սադրանքներին, երբ դատապարտվում են երկու կողմերը՝ Օհանյանն ասաց, որ «հայկական կողմը հանդես չի գալիս զիջողի դերում»:

«Մենք ևս կցանկանայինք, որ խախտումների դեպքում դատապարտվեր կոնկրետ մեղավոր կողմը: Բայց փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում մեզ հաջողվում է ներկայացնել մեր դիրքորոշումը, այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճաապարհով, բանակցությունների շրջանակում և փոխադարձ համաձայնությամբ»:

Նախարարը հայտարարեց, որ 2014 թվականը Պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի համար լարված տարի էր, և այդ լարված տարին առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով և այդ իրականության մեջ Պաշտպանության բանակի ղեկավարության և զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---