2016-ից Գյումրիի ռուսական ռազմաբազայում միայն պայմանագրայիններ կծառայեն

2016-ից Գյումրիի ռուսական ռազմաբազայում միայն պայմանագրայիններ կծառայեն

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմը 2016-ի գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով, հայտնել են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբից:

«Վերջին ժամկետային զինծառայողները կհեռանան ռուսական ռազմակայանից 2016-ի գարնանը»,-հայտարարել են Գլխավոր շտաբում, հայտնում է Ինտերֆաքսը:

Շտաբի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը կայացվել է դեռ անցած տարի և կապված չէ Գյումրիում ողբերգական իրադարձությունների հետ:

Նա հայտարարել է նաև, որ դեռևս հավաքակայաններում մանրակրկիտ կստուգվեն արտերկրում տեղակայված ռազմակայաններում ծառայության գործուղվող զինծառայողների բարոյահոգեբանական հատկությունները:

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Հունվարի 19-ին՝ ժամը 17:02-ին, 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Չնայած տեղի և արտերկրի մասնագետների ձեռնարկած վերակենդանացման շարունակական անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չի հաջողվել, զարգացել է սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. արդյունքում անդառնալի փոփոխությունները հանգեցրել են մահվան:

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` նախօրեին փոքրիկի վիճակը վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետորոշել էին կատարել պերիտոնիալ դիալիզ:

Հունվարի 15-ին Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց հավաքվել էին բազմաթիվ ցուցարարներ, որոնք պահանջում էին օրեր առաջ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։ Նույն օրն ավելի վաղ Ավետիսյանի ընտանիքի 6 անդամի հուղարկավորության արարողությունն էր:

Հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու անցնել դեպի հյուպատոսարանի շենք: Արդյունքում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը կիրառել է մահակներ, հատուկ գազ, ուշեղ լույսով ու աղմուկով պայթուցիկներ, իսկ ցուցարարները խոշոր քարեր են նետել ուժայինների ուղղությամբ: Բախումների արդյունքում տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել,14 մարդ է հոսպիտալացվել է:

Ոստիկանություն էր տարվել 21 քաղաքացի, տեղեկացրել են ոստիկանության լրատվականից, գրում է Panorama.am-ը:19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, ապա բոլորը բաց են թողնվել: Երևանի Ազատության հրապարակից, որտեղ երեկոյան նույնպես հավաքվել էին՝ սատարելու գյումրեցիներին, ոստիկանական բաժիններ է տարվել 38 ցուցարար:

Բերման ենթարկվածներից միայն մեկի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Երկու անձի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն:Նրանց բոլորին ավելի ուշ բաց են թողել:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, որում արդեն իր մեղքը ճանաչել է ՌԴ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, հաղորդագրություններ հայտնվեցին, որ Ռուսաստանում հակված են արգելելու ժամկետայինների ծառայությունը արտասահմանում տեղակայված ռուսական զորամասերում:

Նշվում էր, որ անցումը զուտ պայմանագրային ծառայության զգալի միջոցներ կպահանջի: «Բարդ հարց է, մի կողմից Ռուսաստանի իմիջը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, մյուս կողմից՝ չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել»,-ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, զինվորական ծառայությունն արտասահմանյան ռազմակայաններում չի տարբերվում ծառայությունից երկրի ներսում, սակայն այդ հարցը տնտեսական բնույթ ունի:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, Աֆղանստանի վետերանների ռուսական միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչը պարզաբանել է, որ պատրաստ է սատարել այդ գաղափարին, եթե այն քննարկման դրվի Պետդումայում: «Դա տրամաբանական կլիներ, ես համաձայն եմ այդ գաղափարին: Քանի որ, ավելի հասուն տարիքում, երբ կա արդեն ծառայության փորձ, վերաբերմունքը ծառայությանն այլ է»,-ասել է Կլինցևիչը: «Սակայն պայմանագրայինների համար հարկավոր են այլ սոցիալ-տնտեսական պայմաններ, նրանց վարձատրությունն ավելի մեծ է, ուստի որոշումը պետք է լավ հիմնավորված լինի»,-հավելել է նա:

Որպես լուծման տարբերակ առաջարկվում է պայմանագրայինների ռոտացիա: «Օրինակ, կարելի է գործուղել 5 ամսով, հետո ռոտացիա անել»,-ասել է Կլինցևիչը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---