«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմն էկրան է բարձրացել

«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմն էկրան է բարձրացել

PanARMENIAN.Net - «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի պրեմիերան հունվարի 20-ին է, «Արմենիա» հեռուստատեսության եթերում»,- շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, համահեղինակ և ռեժիսոր Մարինա Գրիգորյանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի ջարդերի 25-ամյակին նվիրված ֆիլմը լույս է սփռում Բաքվում հայերի ցեղասպանության չհետազոտված էջերի վրա:

«Հայերի ջարդերը Բաքվում դեռ ոչ մի անգամ հետազոտման առարկա չեն դարձել, քրեական գործեր չեն հարուցվել, ոչ ոք չի պատժվել, իսկ Բաքվի պաշտոնական քարոզչությունը խեղաթյուրում է իրադարձությունների ընթացքը, իրականությունը»,- ասել է Գրիգորյանը:

Ֆիլմի կոնցեպտուալ գաղափարն Օսմանյան կայսրություւնում 20-րդ դարասկզբի իրադարձությունների և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև անքակտելի կապն է: Փախստականների հուշերը՝ դարասկզբին Արևմտյան Հայաստանում կոտորածի ենթարկված նախնիների մասին, վկայում են Ադրբեջանի կողից Թուրքիայի վարած քաղաքականության որդեգրման և հայ ժողովրդի դեմ իրականացված, մի ամբողջ դար ձգվող ցեղասպանության շարունակականության մասին:

«Գրեթե բոլոր փախստականները նշում են, որ իրենց նախնիները եղել են Արևմտյան Հայաստանից, Արցախից: Այսինքն, նրանց նախնիները ևս ցեղասպանության են ենթարկվել ու փախստական դարձել»,-ասել է Գրիգորյանը:

Ֆիլմի համար հիմք են ծառայել հարցազրույցները Բաքվի փախստականների հետ, որոնք նկարահանվել են ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործվել է վկայությունների մի փոքր մասը միայն: Վկայություններն ամբողջությամբ տպագրվելու են ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում: Անդրադառնալով վկայություններին՝ Մարինա Գրիգորյանը հատուկ ընդգծել է, որ ի տարբերություն Սումգայիթի Բաքվի ջարդերի մասին շատ քիչ փաստաթղթեր ու լուսանկարներ կան, իսկ տեսագրություններ ընդհանրապես չկան: Սակայն փախստականների պատմությունները բացահայտում են նախկինում անհայտ մանրամասներ: Ըստ Գրիգորյանի, այդ վկայությունները կասկած չեն թողնում, որ հայերի դեմ բռնություններն ու նրանց սպանությունները սկսվել են Բաքվում Սումգայիթից անմիջապես հետո, իսկ 1990-ի հունվարը ցեղասպանության և Բաքվի շուրջ 250-հազարանոց հայ բնակչության վտարման գագաթնակետն է:

«Այդ տեսակետց ֆիլմը շատ կարևոր է, քանի որ ներկայացված են Բաքվի փախստականների կենդանի հիշողությունները»,-ասել է Գրիգորյանը:

Ըստ նրա, փախստականների համար շատ ծանր էր այդ ամենը կրկին վերհիշել, շատերը հրաժարվում էին կամ խոսքն անավարտ թողած դուրս գալիս սենյակից՝ կրկին վերապրելով այդ սարսափը: Սակայն, միևնույն ժամանակ, բոլոր մասնակիցները շնորհակալություն էին հայտնում Հայաստանի իշխանություններին այս նախաձեռնության համար:

Մարինա Գրիգորյանը նշեց նաև, որ ֆիլմը և ժոզղովածուն, ներկայացնելով Բաքվի հայերի պատմությունը, միևնույն ժամանակ հայ դիվանագիտության համար հզոր լծակ կդառնան հատկապես տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրելու Ադրբեջանի ճիգերի պայմաններում:

Իր հերթին ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի տնօրեն, ներկայացված ֆիլմի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքները ոչ մի բառով չեն անդրադառնում Ադրբեջանից հայ փախստականների խնդրին:

«Երբ մենք խոսում ենք այդ վայրագությունների մասին, մենք հիմնականում խոսում ենք Սումգայիթի մասին, սակայն, չպետք է մոռանալ, որ հայերը բնակվել են Ադրբեջանական ԽՍՀ շուրջ 300 բնակավայրերում և անմարդկային հալածանքների են ենթարկվել: Ադրբեջանը ոչ մի պատասխանատվություն չի կրել այս ցեղասպանության համար: Այդ անպատժելիությունը մեր պասիվության հետևանքն է: Մեր իրավասու մարմինների խնդիրն է բարձրաձայնել այս խնդիրը պետական մակարդակով»,-հայտարարել է Ալավերդյանը:

«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը 6-րդն է՝ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծվող ֆիլմերի շարքում: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:

2009-ի նոյեմբերից մեկնարկել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ 5 լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել և գործարկվել է Karabakhrecords կայքը, հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր:

Նախագծի շրջանակում պատրաստվել են եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին: «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը թարգմանվել է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում է թարգմանել այն նաև այլ լեզուներով: Բաքվի հայերի ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել ԱՄՆ մի շարք քաղաքներում:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---