«Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունվի Համաշխարհային բանկի աուդիտից հետո

«Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունվի Համաշխարհային բանկի աուդիտից հետո

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունվի Համաշխարհային բանկի աուդիտից հետո, չորեքշաբթի ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Կառավարությունը մի քանի հանդիպումներ է անցկացրել «Նաիրիտ» գործարանի կոլեկտիվի հետ, հարցը քննարկվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում։ Համաշխարհային բանկն անցկացնում է տեխնիկական աուդիտ, դրա արդյունքները պետք է հայտնի լինեն փետրվարի ընթացքում։ ՀԲ–ի եզրակացություններից և առաջարկություններից հետո կլինի գործարանի ճակատագրի վերաբերյալ կառավարության որոշումը»,– ասել է Զախարյանը։

Ըստ նրա` պայմանագրային պարտավորություններ գոյություն ունեն Rhinoville Property Limited կոնսորցիումի կողմից համապատասխան ներդրումների իրագործման ուղղությամբ, իսկ դրանք չկատարելու դեպքում բաժնետոմսերն անցնում են Հայաստանի կառավարությանը` որպես սեփականություն։

«Հարցն այն է, որ բաժնետոմսերը գրավադրվել են Մեջպետբանկում։ ԿԲ–ի և Հայաստանի կառավարության կողմից համապատասխան աշխատանք է տարվում Միջպետբանկի և Ռուսաստանի կենտրոնական բանկի միջև։ Մեր ակնկալիքներն իրատեսական են, հուսով ենք, որ առաջիկա ամիսներին այդ հարցը դրական լուծում կստանա»,– ասել է Զախարյանը։

2014-ի փետրվարին ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկեց գործարանի խնդիրների ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ նախաձեռնությանը: Կողմ քվեարկեց 44 մարդ, դեմ՝ 55 և 1-ը ձեռնպահ մնաց:

Հուլիսի 24-ին կառավարությունը հավանություն տվեց որոշման օրինագծին, որի համաձայն՝ նախատեսվում է պարտքի մարման դիմաց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին փոխանցել 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2»-ի ակտիվների 53,27 տոկոսը և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի ակտիվների 3,5967 տոկոսը:

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ստացված բաժնետոմսերի դիմաց մարված կհամարի «Հայգազարդ» ՓԲԸ-ի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման հետ կապված հարցերը կլուծվեն «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի համաձայն:

2013-ի Սեպտեմբերի 3-ին «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպեց «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել։

Ավելի վաղ ասվում էր, որ «Ռոսնեֆտ»-ը որոշում կընդունի «Նաիրիտ» գործարանի նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո:

Չնայած, որ ծրագրի իրագործումն այդպես էլ չմեկնարկեց, «Ռոսնեֆտը» դեռևս չի հայտարարել ներդրումային ծրագրից հրաժարվելու մասին:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---