ԵԱՀԿ ՄԽ. Հակամարտության գոտում դեպքերն ապացուցում են՝ համապարփակ բանակցություններ են պետք

ԵԱՀԿ ՄԽ. Հակամարտության գոտում դեպքերն ապացուցում են՝ համապարփակ բանակցություններ են պետք

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել: Հանդիպմանը մասնակցել են համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայտարարությունում միջնորդներն «անհանգստություն են հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ բնակելի թաղամասերում, հրադադարի խախտման դեպքերի աճի վերաբերյալ»: Նրանք նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել են դրանց նվազեցման ուղիները, տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ կողմերին անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել 2014-ի նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի դեպի կրկնությունից խուսափելու համար:

Դիվանագետների համոզմամբ, կողմերի միջև լարվածությունն ու բռնությունն ընդգծում են հիմնախնդրին երկարատև լուծում համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը:

«Մենք նախարարին կոչ ենք արել առավել ճկունություն ցուցաբերել, որ կարողանան նման բանակցություններ սկսվել»:

Նրանք նաև կարևորել են ավելի վաղ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի պետք է անհետ կորածների մասին տեղեկություններով փոխանակվել:

«ԿԽՄԿ հովանու ներքո տեղեկությունների փոխանակումը կարող է կողմերի միջև վստահության կառուցման պատճառ դառնալ և նպաստել հաշտեցման գործընթացին: Բացի այդ, մենք կոչ ենք արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել նախագահների միջև երկխոսությունը»,- նշել են դիվանագետները:

Ընթացիկ ամսվա վերջում համանախագահները կայցելեն տարածաշրջան:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:Այսպես, փետրվարի լույս 6-ի գիշերը հակառակորդը պարբերաբար կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ: Հայկական կողմից պատասխան կրակոցներ են եղել: Ադրբեջանի գնդակոծության հետևանքով մահացել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Վանիկ Ղուկասյանը:

Մինչև այդ՝ փետրվարի 4-ին, ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հակառակորդը սադրանք է պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Ըստ նրա, Տավուշի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Նույն օրն ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը:

Էդվարդ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրել է ՀՀ հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն հարձակումների բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ ջանքեր գործադրել՝ ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ կարգավորելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---