ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է հակամարտության գոտում լարվածության աճով

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է հակամարտության գոտում լարվածության աճով

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին։ Շնորհավորելով սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության խնդիրներին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել 1994-ի մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-սերբական դինամիկ զարգացող հարաբերություններին և դրանց առավել ընդլայնմանն ուղղված քայլերին, իսկ հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն Իվիցա Դաչիչին հրավիրել է այցելել Հայաստան։

Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ՀՀ ԱԳ նախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է ՀՀ հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն հարձակումների բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ ջանքեր գործադրել՝ ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ կարգավորելու համար։

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ՄԽ. Հակամարտության գոտում դեպքերն ապացուցում են՝ համապարփակ բանակցություններ են պետք

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---