Եվրախորհրդարանի հանձնաժողով. Ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի

Եվրախորհրդարանի հանձնաժողով. Ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը փետրվարի 12-ին ընդունել է իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ:

«Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, դիմում են անդամ երկրներին ընդունել ցեղասպանությունը՝ կոչ անելով նրանց և ԵՄ ինստիտուտներին սատարել դրա ճանաչմանը»,- պարզաբանել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը զեկույցում ներառել է մի քանի պարբերություն, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ: Առաջին հերթին, հանձնաժողովը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտումը և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ժխտումը պետք է դատապարտվեն և որակել է դրանք որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտում: Հանձնաժողովը նաև ընդունել է հայերի, եզդիների և տարբեր ազգային փոքրամասնությունների հանդեպ «Իսլամական պետության» կողմից իրականացվող հետապնդումներն ընդգծող հավելված՝ կոչ անելով ԵՄ-ին և անդամ պետություններին երաշխավորել նրանց ազատությունը:

«Հպարտ եմ նշել, որ մեզ հաջողվեց նպաստել նման կարևոր հարցերի շուրջ իրազեկման բարձրացմանը, և որ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը ընդունում է, որ այս թեմաները պետք է կազմեն մարդու իրավունքների և ժողովրդավարության ԵՄ քաղաքականության անբաժանելի մաս»,- հավելեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը:

Տեքստը կհրապարակվի Եվրախորհրդարանի կողմից եկող շաբաթների ընթացքում և քվեարկության կդրվի հաջորդ լիագումար նիստին:

Փետրվարի 12-ին կառավարությունը որոշում ընդունեց փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և դեկտեմբերի 9-ը հռչակել Բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Դեկտեմբերի 9-ի ընտրությունը պայմանավորված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին համապատասխան կոնվենցիայի ընդունմամբ:

Միաժամանակ հստակեցում է մտցվում, որ ապրիլի 24-ը հռչակվի ոչ թե բոլոր, այլ միայն Հայոց ցեղասպանության օր: Օրինագծի հեղինակներն են երկու խմբակցությունների պատգամավորներ՝ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը (ՀՀԿ) և Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը («Ժառանգություն»):

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով:

Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994-ի փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---