Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը

Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը: Երևանում նա հանդիպումներ կունենա պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես ասվում է Պետդեպի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, օրակարգում է քաղաքական, տնտեսական հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի և ԱՄՆ միջև, մարդկանց միջև շփումների ակտիվացումն ու նպաստը ղարաբաղյան հարցի արդար ու կայուն կարգավորմանը:

Հարավային Կովկաս այցի շրջանակում Նուլանդը փետրվարի 16-ին եղել է Բաքվում, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումն առևտրի ու ներդրումների ոլորտում, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հարցերն ու ղարաբաղյան կարգավորման առաջընթացը: Նա հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 17-ին Թբիլիսի այցի ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, ներառյալ Վրաստանի եվրոպական ինտեգրումն ու տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը:

Օրերս Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակել ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Ռիչարդ Միլսն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ - ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ:

Նախօրեին Միլսը հավատարմագրերն էր հանձնել ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության շրջանակներում: Նրան մտքեր փոխանակեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

Ավելի վաղ Վաշինգտոնում երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հրապարակել է իր գործունեության գերակա ուղղությունները. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, աջակցություն ազատ և բարգավաճ Հայաստանի կառուցմանը, որը խաղաղ կապրի հարևանների հետ: Միաժամանակ Երևանը մեղադրում է Բաքվին վստահության ամրապնդմանն ու հրադադարի պահպանմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններից հրաժարվելու մեջ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Երևանում իմ առաջնային գործը կլինի ջանքերի համակարգումը ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հասկանալու համար, թե ինչով կարող ենք դեսպանությունն և անձամբ ես նպաստել բռնության բռնկումների նվազեցմանը և խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»,-հայտարարել է Միլսը: Նա նշել է. ԱՄՆ քաղաքականությունը Երևանի հարցում պարզ է՝ ազատ և բարգավաճ Հայաստան, որը խաղաղ ապրում է հարևանների հետ: «Դրան հասնելու համար իմ նախապատվությունը կլինի աջակցությունը ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու օրենքի գերակայության ապահովմանը Հայաստանում, տնտեսության ազատականացմանը և մի շարք գործընկերների, այդ թվում ԱՄՆ հետ, առևտրի ընդլայնմանը»,-ասել է Միլսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---