1919-ին թուրքական թերթը հայերի տեղահանման 10 կետից բաղկացած ծրագիր է հրապարակել

1919-ին թուրքական թերթը հայերի տեղահանման 10 կետից բաղկացած ծրագիր է հրապարակել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:

1919թ. մարտի 25-ին թերթը հրապարակել է «Միության և առաջադիմության» կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ հանձնաժողովին հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և նշել, որ այն վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը բաղկացած էր 10 դրույթներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: Սրանք բոլոր այն գործողություններն են, որոնք նկարագրել էին գիտնականներ Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսհամը և Ուքուր Ումիթ Ունգյորը որպես տեղահանության մի մաս, - գրում է ArmenianGenocide100.org-ըThe Armenian Weekly պարբերականին հղումով:

«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբյուրը, ավելին՝ «Միության և առաջադիմության հանձնաժողովի» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ այս ամենից՝ ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովը» Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Փաստաթղթի դրույթները՝ ստորև.

1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, որոնք ընդդիմանում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս՝ սպանել:

2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:

3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են վաստակել մահմեդականների ատելությունը:

4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերի գործողությունները ներկայացնել այնպես, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը, աջակցել մահմադեկաններին:

5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին հետագայում մահմեդականացվելու:

6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողացրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:

7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:

8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:

9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:

10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամ երկու անձանց մոտ:

«Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: Մենք հրապարակում ենք նամակն այնպիսին, ինչպիսին որ է», – գրել է «Թուրքական Ստամբուլ» պարբերականը 1919թ. մարտի 25-ին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---