Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ամբողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտերի ժամանակ զոհվել էին զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը: ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել էրքրգործ` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

2015 թվականին պաշտոնական տվյալներով հակառակորդի գնդակից զոհվածները`

Վանիկ Գուրգենի Ղուկասյանի (բնակիչ), փետրվարի 5

Շեքսպիր Մխիթարի Հակոբյան 1990թ., փետրվարի 4 լույս 5-ի գիշեր

Արտակ Վաղարշակի Սարգսյան, հունվարի 23

Կարեն Արարատի Գալստյան, հունվարի 23

Արման Ռաշիդի Ուդումյան, հունվարի 21

Նահապետ Արտակի Ասատրյան, 1982թ., հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը

Սուրեն Խաչիկի Փիլոսյան,1995թ., հունվարի 20

Արման Ալիկի Հարությունյան, հունվարի 17

Սերյոժա Նիկոլայի Սարգսյան (բնակիչ, 1935 թ. ), հունվարի11

Վարդան Մարտիկի Մկրտչյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը

Կարեն Սամվելի Գրիգորյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը

Տիգրան Սամվելի Սիմոնյան (1991թ.), փետրվարի 10-ին

Արտակ Սեդրակի Աղեկյան, 1979թ., փետրվարի 28-ին

Հայկ Գրիգորի Բարոյան, 1995թ., փետրվարի 28-ին

Ոչ պաշտոնական տվյալներով այս տարի եղել է ևս երկու զոհ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---