Հայ փախստականները չեն վերադառնա Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բնակության նախկին վայրերը

PanARMENIAN.Net - «Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Հայաստանի նախագահ Նորին գերազանցություն Ռոբերտ Քոչարյանին,

Ձերդ գերազանցություն, «Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը, որի գործունեության առանցքը Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից արտաքսված հայ փախստականների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է, այս բաց նամակով դիմում է Ձեզ, առաջարկելով ուղղումներ մտցնել ղարաբաղյան կարգավորման շուրջ Ձեր կողմից տարվող բանակցությունների օրակարգում` ներառելով 500 հազար հայ փախստականների հարցը: Չի կարող ընդունելի եւ բավարար լինել խնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որը բացառում է մեր հազարավոր հայրենակիցների իրավունքների վերականգնումը եւ լիիրավ պաշտպանությունը:



Հայ փախստականների խնդիրները բաժանվում են երեք հիմնական խմբի`

1.Հայրենիքի ձեռքբերում

2. Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից բռնի տեղահանման արդյունքում կրած ուղղակի նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում

3. Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից բռնի տեղահանման արդյունքում կրած անուղղակի վնասի փոխհատուցում



Հիմնվելով հայ փախստականների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, մենք հստակ կարող ենք պնդել, որ հայ փախստականները չեն վերադառնա ներկայումս Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բնակության նախկին վայրերը: Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք հայտարարելու համար, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանական Հանրապետությունը հրաժարավել է Ադրբեջանական ԽՍՀ հանդեպ իր իրավահաջորդությունից, վերջինիս միակ օրինական իրավահաջորդը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե հայ փախստականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից տրամադրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն եւ սեփականության իրավունքով նրանց տրամադրվեն տարածքներ, որոնք դուրս են այն սահմաններից, որում հռչակվել է ԼՂՀ-ն, սակայն որոնք այժմ գտնվում են ԼՂՀ իրավասության տակ, ապա դա կարող է խնդրի մասնակի լուծում հանդիսանալ:



«Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը դիմել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն` առաջարկելով հանդիպում կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Ակնկալվող հանդիպման ժամանակ նախատեսվում է պարոն Բրայզային հանձնել մեր ուղերձը, հասցեագրված Մինսկի խմբի համանախագահներին եւ քննարկել հայ փախստականների խնդրին վերաբերող հարցերը»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը նույնատիպ ուղերձով դիմել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---