Թուրքիայում կայացած համաժողովի ամփոփիչ փաստաթղթում կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում կայացած համաժողովի ամփոփիչ փաստաթղթում կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մարտի 14-15-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում «Ժողովրդավարության ու խաղաղության համաժողով» է տեղի ունեցել, որի ամփոփիչ փաստաթղթում Սիրիայի պատերազմի, քրդական հարցի լուծման ընթացքին անդրադարձ է արվում, հայտնում է Արցախպրեսը «Ակոսի» վրա հղումով: Ամփոփիչ փաստաթղթում Թուրքիային ևս մեկ անգամ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ազգերի ժողովրդավարական կոնգրեսի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են մտավորականներ, գիտնականներ, գրողներ և ուսանողներ։

Երկու օր տևած աշխատանքն ամփոփվել է մեկ միասնական փաստաթղթում, որն ընթերցել է արվեստագետ Իլքայ Աքքայան։

Փաստաթղթում նշվում է, որ առանց Ցեղասպանությանն առերեսվելու՝ քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ: «Դերսիմի կոտորածները, չբացահայտված սպանությունները, Մարաշի կոտորածը, անգամ երկրի սահմանից դուրս տեղի ունեցող կոտորածները մեզ ուղղորդում են, որ նայենք 1915-ին»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայում գործող հինգ հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու: Դրանց թվում է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, ZAN հիմնադրամն ու Suryaniler.com մշակութային հարթակը:

«Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սկիզբը: Ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այնքան մենք՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներս, բողոքում ենք մեր նախագահի հրավերի դեմ և աշխարհի նախագահներին կոչ անում այցելել Երևան՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու»,- ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Մերալ Չիլդիրը:

«Թուրքիայի հանրապետությունը հիմնած մտածողությունը և 1915-ին հայերի և ասորիների դեմ ցեղասպանությունն իրականացրած մտածողությունը նույնն են: Մեզ համար 2015-ի ապրիլի 24-ը կարևոր օր է: Մենք ուզում ենք առերեսվել մեր պատմության հետ: Ուզում ենք, որ մեզ սխալ սովորեցնելու և մեր երեխաներին սխալ դաստիարակելու պատճառ դարձած հասկացությունը ճշտվի: Գիտենք, որ 1915-ի ցեղասպանությունը դեռևս որոշ երկրներում ազատորեն չի քննարկվում, բայց մենք ընդամենը մի փոքր խիղճ ենք խնդրում: Այս հրավերը ծաղրում է Հայոց ցեղասպանության զոհերին: Գնացե՛ք Երևան, որտեղ իրական ցավն է»,- ասել է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Կեսկինը:

Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների-100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---