Արձագանք Էրդողանի հայտարարություններին. Խուճապի մեջ է, քանի որ ամեն հայ մի փաստաթուղթ է

Արձագանք Էրդողանի հայտարարություններին. Խուճապի մեջ է, քանի որ ամեն հայ մի փաստաթուղթ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայկական սփյուռքին ու Հայաստանի ղեկավարությանն ուղղված արտահայտությունները Թուրքիայում միանշանակ չեն ընդունվել: Թուրքիայի քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությանը որպես թեկնածու գրանցվելու համար դիմած Ֆիլոր Ուլուքը, Մուրադ Մըհչըն և փաստաբան Դիրեն Ջևահիր Շենն անդրադարձել են այս հայտարարություններին, գրում է Tert.am-ը՝ Demokrat Haber-ին հղումով:

Ֆիլոր Ուլուքը նշել է, որ Էրդողանի հայտարարություններում կառուցողական ոչ մի խոսք չկար: «Եթե Էրդողանն իրոք ուզում է այս հարցին լուծում տրվի, ապա պետք է իրատես լինի»,- ասել է նա ու ընդգծել, որ Հայաստանի արխիվներն արդեն իսկ բաց են հանրության համար:

Ուլուքը նշել է, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը տապալման եզրին է, և միջազգային հանրության աչքին այլևս համոզիչ չէ, և արխիվներն ու փաստաթղթերը ֆետիշացնելով՝ ելք չունեցողի քաղաքականություն է վարում:

«Թուրքիան 1915-ի վերաբերյալ իր անճարությունը դրսևորելու քաղաքականություն է վարում: Էրդողանն աշխարհի չորս կողմը տարածված հայերի լոբբիստական գործունեությունն է քննադատում, նրանց «անամոթության» համար է մեղադրում, 1915-ի իրողության ճանաչման համար սկսված արշավն ապարդյուն է համարում, սակայն մյուս կողմից, երբ 1915-ի վերաբերյալ որևէ բանաձև է գալիս օրակարգ, ԱԳՆ-ն ինքն է դաշտ դուրս գալիս և սկսում ժխտել»,-ասել է նա:

Մուրադ Մըհչըն նշում է, որ 1915-ին կատարվածը փաստաթղթերի կարիք չունի, քանի որ յուրաքանչյուր հայ ինքնին փաստ է: «Պարո՛ն նախագահ, հայկական սփյուռքից ցեղասպանության վերաբերյալ փաստեր եք պահանջում: Դրա անհրաժեշտությունը չկա: Ամեն հայ մի փաստաթուղթ է: 100 տարի է՝ ժխտման քաղաքականությունը շարունակվում է, չնայած դրան՝ ազգերը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել այս հողերում: Ժխտումն ու չառերեսվելը բոլորին է վնաս տալիս»,- ասել է նա և հիշեցրել, որ դեռ անցյալ տարի՝ Ցեղասպանության 99-ամյակին, Էրդողանը «բարեհաճել էր» ցավակցական ուղերձ հղել:

Փաստաբան Դիրեն Ջևահիր Շենին Էրդողանի խոսքերը խուճապի մեջ գտնվող, վախեցող մարդու խոսքեր են հիշեցրել: «Այդ խոսքն առերեսվելուց խուսափելու խոսքեր են: Նման հարձակողական, խնդիրը հասկանալուց հեռու կեցվածքն ուրիշ ի՞նչ մեկնաբանություն կարող է ունենալ»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 19-ին, Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարություններ է արել՝ ուղղված հայկական սփյուռքին և ՀՀ կառավարությանը:

«Հայկական սփյո՛ւռք, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք», - ասել է Էրդողանը և ավելացրել, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները. «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»:

Իսկ Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, Էրդողանի կարծիքով, Թուրքիային ուղղված թշնամանք են. «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---