«Ակօս»-ի գլխավոր խմբագիր. Թուրքիայում այսօր էլ հայերի համար անվտանգ չէ

«Ակօս»-ի գլխավոր խմբագիր. Թուրքիայում այսօր էլ հայերի համար անվտանգ չէ

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունից հետո տեսանք, որ պետությունը մի հայի սպանությունը որևէ խնդիր չի համարում, տեսանք, որ Թուրքիայում հայը հանգիստ կարող է սպանվել, ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանը թուրքական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեցվածքին և այլ հարցերի:

«Հրանտ Դինքի սպանության պլանավորմանն ու իրականացմանը պաշտոնյաների մասնակցության նման, ավելի ճիշտ՝ նույն դեպքի բնօրինակը տեսել ենք 1915-ին։ Այդ թվականին էլ պլանավորվեց, իրականացվեց Ցեղասպանությունը, որն իրագործողներին պատասխանատվությունից ազատեցին, անգամ հանրապետության ստեղծման տարիներին նահանգապետեր, պատգամավորներ դարձան։ Նմանություն կա, դրա համար եմ ընդգծում։ 1915-ին առերեսվելու համար 2015-ին նաև Հրանտի հետ առերեսվել է պետք», - ասել է նորանշանակ գլխավոր խմբագիրը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում առերեսվելու գործընթացը, Տանձիկյանը նշել է, որ առնվազն լրատվամիջոցներում հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։

«Օրինակ՝ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Тhe Cut ֆիլմի մասին քիչ խոսվեց։ Չտեսնելու տվեցին։ Ոչ ոք ֆիլմով չհետաքրքրվեց, տեսնելու չգնաց։ Շատ փոքրաթիվ հանդիսատես ունեցավ»,- ասել է նա՝ նշելով, որ թեև վերջին շրջանում Ցեղասպանության մասին շատ է խոսվում, սակայն խոսում են նրանք, ովքեր միշտ են խոսել։

Անդրադառնալով Թուրքիայում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի և տարեց հայուհի Մարիսա Քյուչուքի սպանություններին՝ Տանձիկյանը նշել է, որ իր կարծիքով՝ Ցեղասպանությունը Թուրքիայում շարունակվում է նաև այժմ։

«Այս խոսքերս գուցե կոշտ հնչեն, սակայն դա է իրականությունը։ Քանի որ, իմ կարծիքով, դրա առաջին վկայությունն այն է, որ Թուրքիայի հասարակության մեջ Ցեղասպանությունը չի քննարկվում»,-ասել է նա՝ նշելով, որ անգամ Թուրքիայի հայ համայնքում են հաճախ լռում՝ վախենալով հնարավոր հետևանքներից։

Տանձիկյանը նաև նշել է, թե հայ-թուրքական սահմանի բացում չի ակնկալում։ Իսկ հողային պահանջներն «Ակօսի» խմբագիրն իրատեսական չի համարել՝ նշելով, որ դրանք հայտնի որոշակի խմբի պահանջներն են հիմնականում։

Խոսելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի անցյալ տարվա ապրիլքսանչորսյան ուղերձի մասին՝ ասել է, որ դա քաղաքական ժեստ էր. «Անցյալ տարվա ցավակցական ուղերձից հետո այլ քայլ էինք ակնկալում, սակայն քայլը Չանաքքալեի միջոցառման օր սահմանելը եղավ։ Շատ տարօրինակ էր մեզ համար։ Ակնհայտ է, որ իրականում պետությունը խելացնորության մեջ է։ Ես չհասկացա, մի քիչ էլ ամոթալի համարեցի»։

Թուրքիայում հայերի ֆիզիկական անվտանգության խնդրի մասին վերջերս խոսել էր նաև հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ: «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցած, այժմ էլ նույն կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար դիմած Նվարդ Բաքըրջըօղլուն PanARMENIAN.Net ին նշել էր, որ իր առաջադրվելու հիմնական նպատակներից է Թուրքիայում հայերի անվտանգ ապրելու հարցը բարձրացնելը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---