ԱՀՀ. ԱՄՆ պետք է առնվազն $ 40 մլն օգնություն հատկացնի ՀՀ-ին և առնվազն $5 մլն՝ Ղարաբաղին

ԱՀՀ. ԱՄՆ պետք է առնվազն $ 40 մլն օգնություն հատկացնի ՀՀ-ին և առնվազն $5 մլն՝ Ղարաբաղին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին ելույթ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի անդամների առջև՝ առանձնացնելով ԱՄՆ հայ համայնքի 9 առաջնայնությունները 2016-ի ֆինանսական տարվա համար: Համագումարը Կոնգրեսին է ներկայացնում իր տեսակետն ամենամյա հատկացումների վերաբերյալ:

Լսումների ժամանակ Բրայան Արդունին նշեց. «Համագումարը կոչ է անում ենթակոմիտեին 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Հետևողական և հուսալի աջակցությունը թույլ է տալիս չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման ազդեցությունը: Չնայած շրջափակմանը՝ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում, հաճախ շատ ծանր պայմաններում, և ըստ Wall Street-ի և Heritage հիմնադրամի Տնտեսական ազատության վարկանիշի Հայաստանը 52-րդն է 178 երկրների թվում»:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը Կոնգրեսին էր ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր նկատառումները, որոնց համաձայն, օգնությունը Հայաստանին կազմում է ընդամենը 22,36 մլն դոլար, ինչը 2,34 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա պահանջներից, և որը պահպանում է ռազմական օգնության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Համագումարի զեկույցում նշված են 2016-ի 9 առաջնային ու հստայկ քաղաքական նպատակները: Մասնավորապես, ֆինանսական աջակցությունը Հայաստանին պետք է կազմի առնվազն 40 մլն դոլար, և առնվազն 5 մլն դոլար Ղարաբաղի համար, ինչպես նաև օգնություն պետք է հատկացվի Մերձավոր Արևելքում վտանգված քրիստոնյա փոքրամասնություններին: Առաջնայնությունների թվում նշված են Ազատության աջակցության 907 բանաձևի հաստատումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օժանդակությունը, աջակցությունը հայաբնակ Ջավախքին, տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը և ԱՄՆ դիրքորոշման հաստատումը Հայոց ցեղասպանության հարցում:

Նիստի ժամանակ Արդունին կոչ է արել Կոնգրեսի անդամներին այցելել Հայաստան: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին կոչ եմ անում Կոնգրեսի անդամներին այցելել Հայաստան և անձամբ ծանոթանալ իրողություններին և այն ազդեցությանը, որ թողնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակումը»,-հայտարարել է Արդունին, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է կրճատել Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA), խոսքը, մասնավորապես, տնտեսական աջակցության մասին է, մինչդեռ 2 երկրին տրամադրվող ռազմական օգնության չափը կհավասարեցվի: Օբաման առաջարկել է 2016-ի համար $18.360.000 հատկացնել Հայաստանի տնտեսության աջակցության հիմնադրամին: Եվ եթե Կոնգրեսն այս առաջարկը հավանության արժանացնի, ապա դա կլինի ՀՀ անկախության տարիներից ի վեր նվազագույն տնտեսական օգնությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի առաջարկած գումարի չափը $2 մլն-ով պակաս է նախորդ անգամ հատկացված գումարից:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Նահանգների նախագահի վարչակազմի այս քայլը, բայց միևնույն ժամանակ ողջունել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության չափը հավասար է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ամերիկյան կողմը որևէ ֆինանսական օգնություն չի նախատեսել: Աղբյուրը հավելում է, որ եկող ամիսներին ANCA-ն կձեռնարկի մի շարք քայլեր, որպեսզի մեծացնի Հայաստանին տրամադրվող օգնության չափն ու զրոյի հասցնի Ադրբեջանին ռազմական ծախսերի համար տրամադրվող ֆինանսական օգնությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---