ԵԽԽՎ-ում Ադրբեջանի «խամաճիկը» պատրաստվում է այցելել ՀՀ և ԼՂՀ. Դավիթ Բաբայանը՝ սկանդալի մասին

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի «խամաճիկը» պատրաստվում է այցելել ՀՀ և ԼՂՀ. Դավիթ Բաբայանը՝ սկանդալի մասին

PanARMENIAN.Net - Եթե ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը չփոխի իր՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի վերնագիրը, ապա Լեռնային Ղարաբաղ, լավ կանի, չգա, ասել է է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Եթե նա չվերանայի իր, այսպես կոչված, զեկույցի վերնագիրը, իր փիլիսոփայությունը, ապա մենք չենք ընդունելու և չենք համագործակցելու այդ անձնավորության հետ: Եվ եթե այդ վերանայումները չլինեն, ապա նա կատարում է ադրբեջանական պատվեր: Իսկ այդ դեպքում, ավելի լավ է, Ադրբեջանի հետ էլ համագործակցի: Եվ ասել ենք, որ եթե զեկույցն այդ տեսքն ունենա, ապա դա գրված է լինելու Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ նախագահականում», - պատասխանելով հարցին, թե ուժի մե՞ջ է Ռոբերտ Ուոլթերին հայտարարված բոյկոտը, ասել է Դավիթ Բաբայանը, գրում է Tert.am-ը:

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Հայկական ժամանակին»-ին տեղեկացրել էր, որ բրիտանացի պատգամավորը մայիսին գալու է Հայաստան:Պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն, այնուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, ասել էր. «Ինքը մայիսին գալու համար դիմել է որպես ԵԽԽՎ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ոուլթերին, թեև մեր որոշումը՝ այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»:

«Եթե Նաղդալյանը հայտարարում է, որ գալիս է Հայաստան, ուրեմն ակնկալում ենք, որ մոտեցումների մեջ, փիլիսոփայության ու վերնագրի մեջ կլինեն որակական փոփոխություններ: Այն, ինչ պետք է լինի, որպեսզի ստեղծվի անկողմնակալ մի զեկույց, այլ ոչ թե քաղաքական պատվեր»,-ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար և ավելացրել, որ եթե Ուոլթերը Ղարաբաղն ընդունում է որպես գրավյալ տարածք, եթե ընդունում է որպես Ադրբեջանի մաս, էդ դեպքում, թող գնա Ադրբեջանի տարածքով մտնի Լեռնային Ղարաբաղ: Սա տրամաբանական է:

«Ինքը պիտի հասկանա՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ», - ասել է Դավիթ Բաբայանը և, սկանդալի հեռանկարի մասին հարցին պատասխանելով, ավելացրել. «Այսինքն՝ մենք պետք է նահատակների թափած արյունը ջնջենք, գցենք մի կողմ, և մի պաշտոնյա, որը չգիտես ինչ կապեր ունի այս կամ այն պետության հետ, գալիս է այստեղ և պիտի մենք այդ ամենը մոռանանք, խաչ քաշենք մեր Սահմանադրության վրա, մեր պետականության ու մեր թափած արյան վրա, մեր զինվորների, որոնք կանգնած են սահմանին, ինչ է թե սկանդա՞լ կարող է լինի: Սկանդալ չի լինի, այլ լինելու է խայտառակություն, եթե մենք այդ ամենը կուլ տանք»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությամբ մարտի կեսերին Ադրբեջանում էր։ Մարտի 14-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Զեկույցը, որի համար փաստեր է հավաքում Ռոբերտ Ուոլթերը, վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, թե բոյկոտում է զեկույցի պատրաստման գործընթացը։ Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու հարցը ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկել է անցյալ տարի աշնանը՝ քվեարկությամբ զեկուցող նշանակելով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուլթերին։

Նախկինում ևս Ղարաբաղի և «գրավյալ տարածքներ»-ի իրավիճակի մասին ԵԽԽՎ-ում զեկույցներ են պատրաստվել։ Տարբեր տարիներին զեկուցողներ են եղել Դևիդ Աթկինսոնը, Գորան Լենմարկերը, Թերի Դևիսը, բայց ոչ մի զեկույցի վերնագրում չկա «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ձևակերպումը։

Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն, որը քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը, խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է որպես Ալիևի պաշտպան: 2013-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» խանի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---