Ապրիլի 24-ին Գերմանիան Երևանում կներկայցնի փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 24-ին Գերմանիան Երևանում կներկայցնի փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Գերմանական Deutsche Welle պարբերականն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ներկայացրել է Գերմանիայի առաջատար քաղաքական ուժերի դիրքորոշումը այս հարցի շուրջ: DW-ի տեղեկություններով` ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման պաշտոնական արարողություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանող գերմանական պատվիրակությունը առաջնորդելու են Գերմանիայի` Եվրոպայի հարցերով փոխարտգործնախարար Միխաել Ռոթը և կառավարության մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Քրիսթոֆ Շթղեսաղը, գրում է Panorama.am-ը:

Հրապարակման մեջ ներկայացված են որոշ մասնագետների գնահատականներ` կապված Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին Գերմանական կայսրության դերակատարության հետ: Մասնավորապես` Փոթսդամի համալսարանի պատմաբան Քրիսթին Պշիխհոլցը, ուսումնասիրելով Գերմանիայի արտգործնախարարության արխիվային փաստաթղթերը հանգել է այն եզրակացության, որ «Գերմանական կառավարությունն ամբողջությամբ տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության ոչնչացման մասին»:

Պատմաբանի գնահատականներով` գերմանացի դիվանագետներն այդ ընթացքում ամեն ինչ մանրամասն արձանագրել են «մահվան երթերի, մահապատիժների և բռնի գործողությունների» մասին:

Ավելի վաղ պաբերականը գրել էր, որ ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը Ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական իրադարձությունները» պետք է քննեն պատմաբանները` ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի և Հայաստանի հարցն է: «Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- նշված էր գրավոր հայտարարության տեքստում:

Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն առաջին անգամ շրջանառվել է 1985 թվականին: Թուրքիայի կառավարության դրամաշնորհներից օգտվող 69 գիտնական The News York Times-ի և The Washington Post-ի էջերից դիմեց ԱՄՆ կոնգրեսին՝ կոչ անելով չքվեարկել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, քանի որ «դեռ շատ փաստեր պետք է ուսումնասիրվեն մինչև որ պատմաբանները կարողանան հստակ առանձնացնել պատասխանատուներին և անմեղներին, մատնանշեն իրադարձությունների պատճառները»:

Տարիների ընթացքում այս առաջարկը հստակեցվեց՝ ունենալով միայն մի նպատակ՝ տասնամյակներով ապացուցել հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը և հարցը բաց պահել: Թուրքիայում կառավարություններ էին փոխվում, բայց այս քաղաքականությունը նաև Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է շարունակում: Պաշտոնական Անկարան մշտապես խոսում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---