Jerusalem Post. Օբաման չի ճանաչի Ցեղասպանությունը` վախենալով սադրել թուրք բռնապետին

Jerusalem Post. Օբաման չի ճանաչի Ցեղասպանությունը` վախենալով սադրել թուրք բռնապետին

PanARMENIAN.Net - Այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը պաշտոնապես ճանաչելու խոստում տվեց, սակայն իր խոսքին այդպես էլ հավատարիմ չմնաց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Իսրայելական The Jerusalem Post պարբերականն այսպես է սկսել Հայոց ցեղասպանության մասին հոդվածը, իսկ հոդվածագիր Շմուլի Բոթիչը նշել է, որ «6 տարի անընդմեջ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժող Օբաման այդպես է վարվում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկին` Թուրքիային չնեղացնելու համար»:

Նախագահ Օբաման չի ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը` վախենալով սադրել թուրք բռնապետին, մինչդեռ 2008-ին դեռ սենատոր Բարաք Օբաման ելույթ ունենալով ասել է «Հայոց ցեղասպանությունը ո՛չ պնդում է, ո՛չ սուբյեկտիվ կարծիք, ո՛չ էլ` տեսակետ, Հայոց ցեղասպանությունը հստակ պատմական փաստ է: Փաստերն անհերքելի են: Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին հերքել պատմական այդ փաստերը, ուղղակի անընդունելի է: Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», հոդվածից հատվածներ է մեջբերում Tert.am-ը:

Հոդվածագիրը նկատում է, որ այդ «պատմական» խոստումից անցել է 6 տարի, և նախագահը կարծես չի էլ գիտակցում, որ դրժել է այն: Ընդհակառակը, նա տարբեր առիթներով նշում է, որ պատմական փաստերի վերաբերյալ իր վերաբերմունքն ամենևին էլ չի փոխվել: Սակայն պատմական «փաստերի» մասին խոսելու փոխարեն նա ընդամենը պետք է նախագահական ուղերձում արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, ինչից անընդհատ խուսափում է:

Ապրիլքսանչորսյան իր ուղերձներում Օբաման օգտագործում է «սպանդ», «եղեռն» բառերը` չօգտագործելով 1.5 մլն հայի հետ պատահած դժբախտությունը բնորոշող իրական եզրույթը` «ցեղասպանություն»: Մինչդեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, թե մտադիր է «ԱՄՆ-ի համար լինել այն նախագահը, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին ու պատասխան կտա բոլոր ցեղասպանությունների համար»:

«Պարո՛ն նախագահ, մտադրությունները ոչինչ չարժեն, գործե՛լ է հարկավոր: Պահե՛ք Ձեր խոստումը, քանի որ 1.5 մլն հայ դրան է սպասում»,- Շմուլի Բոթիչն այսպիսի կոչով է եզրափակել իր հոդվածը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---