Կոնգրեսականը կոչ է արել Օբամային «ճանաչել 1915-ի սարսափելի դեպքերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»

Կոնգրեսականը կոչ է արել Օբամային «ճանաչել 1915-ի սարսափելի դեպքերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել:

«Հարյուր տարի առաջ Օսմանյան իշխանությունները սկսեցին հայ համայնքի վրա իրենց ծրագրած հարձակումը: Անթիվ-անհամար մարդկանց դաժան, կանոնավոր սպանդը, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերությունը նախադեպ հանդիսացան 20-րդ դարի այլ ցեղասպանությունների համար: Տեղի ունեցած վայրագությունների մեղքը քավելու անհրաժեշտությունն առկա է նույնպիսի ուժով, ինչպես որ կար 1915թ.: Մեկուկես միլիոն անմեղ նահատակված տղամարդ, կին ու երեխա ճանաչում են պահանջում»,- ասել է Ռոյսը, հայտնում է asbarez.com-ը Tert.am-ի փոխանցմամբ:

Հանձնաժողովի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբամային «ճանաչել սարսափելի այդ դեպքերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ռոյսը դիմել է նաև Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որպեսզի «նրանք առերեսվեն իրենց պատմության այդ մութ էջին ու հանուն տարածաշրջանային կայունության՝ բարելավեն հարաբերությունները Հայաստանի հետ»:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Ապրիլի 13-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ԱՄՆ-ի հայկական համայնքի անունից կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել իր խոստումն ու անկեղծ խոսել Հայոց Ցեղասպանության մասին` հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի օրինակին։ «Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի պատմական ելույթը պետք է ազդակ դառնա նախագահ Օբամայի համար, որպեսզի նա կատարի իր խոստումն ու ճանաչի այս սարսափելի հանցագործությունը», – նշել է Համբարյանը:

Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամները համատեղ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով վերջինիս ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ինչպես հարկն է» հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանության հստակ դեպք է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վրա հղումով: Օբամային ուղղված նամակը նախաձեռնել են Ներկայացուցիչների տան Հայկական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական) և Ֆրենք Փալոնը (դեմոկրատ):

Ավելի վաղ նույնաբովանդակ մի նամակ էլ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ) և Քորի Գարդների (հանրապետական) նախաձեռնությամբ, ԱՄՆ նախագահին հղել էին սենատորները:

Photo. Getty images
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---