Zaman. Գաուկը Գերմանիայի առաջին նախագահն է, որը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման

Zaman. Գաուկը Գերմանիայի առաջին նախագահն է, որը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման

PanARMENIAN.Net - Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով, հայտնում է Panorama.am-ը:

«Հետաքիքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականը բնորոշելու համար կարտաբերի «ցեղասպանություն» բառը»,- տարակուսում է Zaman-ը՝ հավելելով, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:

Նշվում է նաև, որ կանցլեր Անգելա Մերկելը զբաղվածության պատճառով չի մեկնի Թուրքիա, իսկ Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ կգումարվի: Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի Գերմանիայի Եվրամիության հարցերով նախարար Մայքլ Ռոթը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարեց, որ ԱՄՆ-ն կարող է ներկայացված չլինել Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոցառումներին:

«Այս կամ այն միջոցառմանը ԱՄՆ պաշտոնատար անձանց մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Կարող եմ ասել միայն, որ քանի որ ԱՄՆ-ն այդ շրջանում չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքքալեի ճակատամարին նվիրված միջոցառումներին»,-ասել է Սեկուտան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Անկարան պատրաստվում էր 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրվածների թիվը նվազել է 25-ով: Այդ թիվն այժմ նվազել է՝ հասնելով 77-ի: Ցանկից 25 երկիր է պակասել, սակայն Անկարան փորձում է ավելացնել մասնակցության թիվը։

Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով ԱՄՆ պաշտոնական պատվիրակության հնարավոր այցին Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտարարեց, որ Վաշինգտոնն անպայման պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում: Դեսպանը հավելել է նաև, որ պատվիրակության անդամներին անձամբ նախագահ Օբաման է ընտրելու:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---