Ցեղասպանությունը վերապրողների եզակի տեսագրված վկայությունները կցուցադրվեն ՀՑԹԻ էկրաններին

Ցեղասպանությունը վերապրողների եզակի տեսագրված վկայությունները կցուցադրվեն ՀՑԹԻ էկրաններին

PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամն ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին է փոխանցել Ցեղասպանությունը վերապրած 60 ականատեսի տեսաձայնագրված պատմության թվայնացված տարբերակները: Ձայնագրություններն ապրիլի 24-ից ցուցադրվելու են թանգարանում տեղադրված էկրաններին:

Ընդհանուր առմամբ «Շոա» հիմնադրամը տնօրինում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողի 400 վկայություն, որոնց մեծ մասը դեռևս թվայնացված չէ: Պատմությունները 1972-2004 թվականներին հավաքագրել է Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Հակոբյանը: Նա դրանք 2010 թվականին՝ իր մահից հաշված օրեր առաջ, հանձնել է «Եու.Էս.Սի. Շոա» հիմանդրամ-իսնտիտուտին՝ հետագա թվայնացման, հանրայնացման և գիտական վերլուծությունների համար:

Մայքլ Հակոբյանը 70 կրթական-վավերագրականի հեղինակ է: Այս վկայությունները հիմք են հանդիսացել Հայոց ցեղասպանության մասին Հակոբյանի ֆիլմերի, այդ թվում՝ «Էմմիի» երկու անվանակարգերի 1976 թվականի դափնեկիր «Մոռացված ցեղասպանություն» ֆիլմի ու «Վկաների եռագրության» համար՝ «Լճի ձայները», «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» և «Կարմրած գետը»: Նրա ֆիլմերից 17-ը նվիրված են հայկական մշակույթին ու պատմությանը: 1979 թվականին հիմնել է Հայ կինոյի հիմնադրամը: Մահացել է 2010 թվականին՝ 97 տարեկանում:

Նկարահանումների ժամանակ Ցեղասպանության ականատես-վերապրածներից շատերը եղել են 70-80 տարեկան: Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույցների աշխարհի ամենամեծ հավաքածուի վկայությունները տեսա- և ձայնագրվել են աշխարհի 17 երկրում և բազմալեզու են՝ անգլերեն, հայերեն, արաբերեն, քրդերեն ու թուրքերեն:

«Պրոֆեսոր Մայքլ Հակոբյանը տասնամյակներ շարունակ Հայ կինոյի հիմնադրամի տնօրենն էր, և վերապրածների տեսավկայությունները հավաքագրելը նրա անձնական նախաձեռնությունն էր՝ հաջորդ սերուդներին փոխանցելու նպատակով»,- նշեց Հայ կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Մայքլ Ամիրյանը՝ հավելելով, որ փորձում են հնարավորինս արագ ավարտել նաև մյուս ժապավենների թվայնացումը:

«Հուսով ենք, որ մոտ ապագայում դրանք լիովին հասանելի կլինեն լայն հասարակությանը և ոչ մայն անգլերեն ու հայերեն, այլև հնարավորինս շատ լեզուներով թարգմանված»,- հավելեց Մայքլ Ամիրյանը: Հարցազրույցների ամբողջական հավաքածուն նախատեսվում է ինտեգրել Հիմնադրամ մինչև ընթացիկ 2015-ի աշունը:

«Եու.Էս.Սի. Շոա» հիմանդրամ-իսնտիտուտի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթն էլ իր հերթին նշեց, որ տեսաձայնագրությունների ինդեքսավորումն ու թվայնացումը շարունակվում են:

«Ի սկզբանե վկայությունները ձայնագրվել են 16մմ ժապավենի վրա, և պարունակում են ավելի քան 300 պատմություն, որոնց մեծ մասը ներկայացնում են հենց Ցեղապսնության ականատես-վերապրողները»,- մանրամասնեց Սթիվեն Սմիթը՝ հավելելով, որ անձնական պատմությունները կատարվածը ներկայացնելու լավագույն միջոցն են.

«Մարդը, որ երբեք չի լսել Հայոց ցեղասպանության մասին, և առաջին անգամ դրա հետ ծանոթանում է հենց այս տարբերակով՝ լսելով իր նման մեկի հետ տեղի ունեցած իրական պատմությունը, շատ ավելի արագ է ընկալում կատարվածը, քան եթե նրան ներկայացվեն պարզապես թվեր ու փաստեր»:

«Շոա» հիմանդրամ-իսնտիտուտը հիմնադրել է Սթիվեն Սփիլբերգը 1994 թվականին: Այն զբաղվում է Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության, Նանջինգի, Ռուանդայի, Դարֆուրի ու Կամբոջայի ցեղասպանությունների հարցերով: Հիմնադրամը տնօրինում է այս ցեղասպանությունները վերապրողների մոտ 53.000 վկայություն:

Միևնույն ժամանակ ՀՂԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը «Շոա» հիմնադրամին հետագա թվայնացման և գիտական աշխատանքների համար թանգարանի արխիվից հանձնեց 20 VHS, որոնք պարունակում են Ցեղասպանության ականատես-վերապրողների 33 պատմություն: Դրանք հավաքագրվել են 1980-90-ական թվականներին սկզբում Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ հետո՝ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի կողմից և հիմնականում Հայաստանաբնակ վերապրողների պատմություններ են ներկայացնում: Ընդհանուր առմամբ թանգարանի արխիվում պահվում է նմանատիպ մոտ 200 ձայնագրություն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Թանգարան-ինստիտուտի առաքելությունն է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև` տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության և այլ միջոցներով իր նպաստը բերել ցեղասպանության և քսենոֆոբիայի դեմ միջազգային հանրության պայքարին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---