Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է. «Թուրք ազգը չի մոռանա և չի ների Գերմանիայի նախագահ Գաուկի հայտարարությունները»

Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է. «Թուրք ազգը չի մոռանա և չի ների Գերմանիայի նախագահ Գաուկի հայտարարությունները»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը ապրիլի 24-ի ուշ երեկոյան քննադատել է նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի արած հայտարարությունները։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարությունում պնդում է, թե Գաուկը իրավունք չունի «թուրք ժողովրդին վերագրել հանցագործություն, որը նա չի գործել», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պաշտոնական Անկարան նաև տարակուսանք է հայտնում, որ Գերմանիայի նախագահը «անտեսել է կարծիքները Գերմանիայի հարյուր հազարավոր թուրք քաղաքացիների, որոնց նույնպես նա ներկայացնում է»։

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն, հայտնում է ArmRadio-ն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը:

«Թուրքական պատմությունը և ինքնությունը թուրք-գերմանական հասարակության բաղադրիչ մասն է։ Այդ համայնքի անդամները լուռ չեն մնա իրենց ինքնության անարգմանն ուղղված նախաձեռնությունների դեմ։ Թուրք ազգը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Անկարան նաև հույս է հայտնում, որ Գերմանիայի Բունդեսթագը, «որը նախատեսում է առաջիկա օրերին քննարկել 1915-ի իրադարձությունների վերաբերյալ բանաձև, չեզոք և կառուցողական դիրքորոշում կորդեգրի և չի ներկայացնի մոտեցում, որը երկարատև բացասական ազդեցություն կունենար թուրք-գերմանական հարաբերությունների վրա»։ Ակնկալվում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը Գերմանիայի Բունդեսթագում վերջնական քննարկման կդրվի ապրիլի 30-ին, թեև խորհրդարանի բոլոր խմբակցությունները արդեն իսկ հավանություն են տվել փաստաթղթին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրեց, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ աջակցում է բանաձևի նախագծին, որում հայերի կոտորածները բնութագրելիս կիրառվում է «ցեղասպանություն» տերմինը, սակայն զգուշացնում է, որ դա կարող է խոչընդոտել Թուրքիայի և Գերմանիայի միջև հաշտեցման գործընթացին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---