Slon.ru. 100 տարի առաջ քրիստոնյաները Թուրքիայի բնակչության 1/3-ն էին, այսօր՝ 0.6%-ը

Slon.ru. 100 տարի առաջ քրիստոնյաները Թուրքիայի բնակչության 1/3-ն էին, այսօր՝ 0.6%-ը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռուսաստանյան Slon.ru պարբերականը հրապարակել է Պյոտր Բոլոգովի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից: Ինչպես են դրան վերաբերվում ժամանակակից Թուրքիայում» հոդվածը, հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Այն ցեղասպանությունը, որին հրաժարվում են հավատալ թուրքերը, հայտնի է ցանկացած փոքրիշատե գրագետ մարդու: Այն ժամանակ՝ 1915-ին, պատմականորեն հայերով բնակեցված Փորք Ասիայի Օսմանյան կայսրության տարածքներում երիտթուրքերի կառավարությունն իրական դժոխք էր սարքել: Ըստ թուրք իշխանության՝ հայ բնակչությունը պատրաստվում էր անցնել Ռուսաստանի կողմը, և առաջնային գծից (խմբ. ծնթ.-Առաջին համաշխարհայինի տարիներին Կովկասյան ռազմաճակատի) տարհանման պատրվակով թուրքերը ոչնչացրել են 1.5 մլն հայի, իսկ մոտ 1 միլիոնն էլ բռնագաղթել էր Լիբանան և Սիրիա: Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների ղեկավարությամբ Արևմտյան Հայաստանի մի շարք պատմական շրջաններ գրեթե դատարկվել են:

Բազմաթիվ փաստերը վկայում են, որ հայերին ոչնչացնում էին ամբողջ գյուղերով՝ կանանց, երեխաներին ու ծերերին. բոլորին՝ անխտիր: 1916 թվականի սկզբին, երբ ռուսական զորքերը, կոտրելով թուրքական ճակատը, վերցրին Էրզրումը, նրանք ընդամենը մի քանի հայուհու էին գտել թուրքական հարեմում: Տրաբզոնի ողջ հայկական բնակչությունից մնացել էր ընդամենը որբերի և կանանց մի փոքր խումբ, որը պատսպարվել էր հունական ընտանիքներում:

Կարելի է շարունակել թվարկել նմանատիպ փաստեր, հատկապես, եթե Օսմանյան կայսրության իշխանությունը, իսկ հետագայում Թուրքիան դրանից և առաջ, և հետո էին դիմում զանգվածային սպանությունների՝ որպես իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու միջոց: Ամենայն հավանականությամբ, արյունահեղությունը կայսրության ամրապնդման լավ գործիք էր թվում: Սակայն իրականում ամեն ինչ հակառակն էր:

Ի դեպ, խոսքն այդքան էլ հին ժամանակների մասին չէ. 1822 թվականին Քիոս կղզում թուրքերը ոչնչացրել էին 25.000 հույնի, 1876-ին՝ ապրիլյան ապստամբության ժամանակ, Հարավային Բուլղարիայում բաշիբուզուկները կոտորել էին 30.000 մարդու: Արդեն օսմանների դինաստիայի անկումից հետո, 1922 թվականին Քեմալ Աթաթուրքի գլխավորած զորքը Զմյուռնիայում 200.000 հույնի և հայի է ոչնչացնում: Առաջին համաշխարհայինի տարիներին հայերից զատ զանգվածային հետապնդումների են ենթարկվել նաև Օսմանյան կայսրության տարածքում ապրող ասորիները, որոնց զոհերի քանակը տարբեր գիտնականների հաշվարկներով հասնում է մի քանի հարյուր հազարի: Ամեն ինչ մշակված էր. եթե Առաջին համաշխարհայինից առաջ Թուրքիայում երկրի բնակչության 1/3-ը քրիստոնյա էր, ապա այսօր այն կազմում է 0,6%: Այդ ամենը տևէլ է մինչև 20-րդ դարի կեսերը, երբ Թուրքիան արդեն բավականին աշխարհիկ պետություն էր: 1955 թվականին Ստամբուլում տեղի ունեցան հունական զանգվածային ապստամբություններ, որոնց արդյունքում մահացել էին տանսյակ մարդիկ, իսկ նախկին Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի հունական բնակչությունը 140.000-ից հասել էր 2000-3000 մարդու:

Եվ, այնուամենայնիվ, 1915-ին հայերի հետապնդումներն աչքի են ընկնում թեկուզ զոհերի քանակով, այդ պատճառով կարող են ցեղասպանություն կոչվել: Այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն են ճանաչել մի շարք պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Շվեդիան, Հունաստանը, Շվեյցարիան և այլ երկրներ, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը և Եվրախորհրդարանը: Ամերիկայի 50 նահանգներից 43-ը ճանաչել է Ցեղասպանությունը: Վերջին օրերին հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչելու պատրաստակամություն է հայտնել նաև Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

1915 թվականի ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին Ցեղասպաության ճանաչումը ազդեցիկ օժանդակություն է ստացել միաժամանակ մի քանի ուղղություններով: Հայերի հետապնդումների մասին խոսելիս «ցեղասպանություն» բառն է գործածել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայրապետի հայտարարությունը մեկնաբանել է որպես «անհեթեթություն»: Եվրախորհրդարանն էլ ուղղակիորեն հանդես էր եկել Անկարային ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ: Թուրքական մամուլը Բրյուսելի այդ որոշումն ընդունել է որպես «շոկ» երկրի համար: Թուրքիայի վրա ճնշումները շարունակվում են, սակայն Աթաթուրքի ժառանգների դիրքորոշումն անսասան է. նրանց կարծիքով՝ ցեղասպանություն չէր եղել:

Չնայած հենց նույն Էրդողանն էլ առաջին թուրք քաղաքական գործիչն էր, որը ցավակցել է Երևանին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բազմաթիվ զոհերի առթիվ: Իհարկե, նրա հայտարարության մեջ «ցեղասպանություն» բառը չէր հնչել, իսկ 1915-ի կոտորածն ու բռնագաղթը նա որոշել էր համարել «20-րդ դարի սկզբի իրադարձություններ»: Իր հերթին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր թուրք գործընկերոջը հրավիրել էր Երևան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Էրդողանը հրավերն անպատասխան էր թողել, իսկ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հետագայոմ ասել էր, որ թուրք նախագահի անկեղծացումը «հայկական իշխանության մեջ որևէ արձագանք չգտավ»:

Հայաստանն ու Թուրքիան դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները 1993 թվականից, իսկ սահմանն այդ երկու երկրների միջև փակ է առ այսօր: Սակայն, չնայած Անկարայում Ցեղասպանության հերքմանը՝ Չավուշօղլուի խոսքով՝ թուրքերը չեն պատրաստվում հրաժարվել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուց: Ճիշտ է, այդ կարգավորումն առանց 1915-ի վերաբերյալ երկու երկրների կողմից ընդհանուր դիրքորոշման պատկերացնել հնարավոր չէ:

Թուրքական դպրոցներում Ցեղասպանության թեման, բնականաբար, գրեթե չի քննարկվում, և թուրքերը չափազանց ցավագին են արձագանքում, երբ այդ հարցը ներառում են այլ երկրների դպրոցական ծրագրերում: Անցած տարի Կանադայի թուրքերն ավելի քան 2.000 ստորագրություն են հավաքել՝ կոչ անելով Տորոնտոյի դպրոցական ծրագրից հանել Հայոց ցեղասպանության թեման: Սակայն տեղական իշխանությունը մերժել էր նրանց:

Իսկ թուրքական բուհերում այդ թեման ակամա բարձրաձայնվում է: Օրինակ, թուրքական Դիջլեի համալսարանի պատմագիտական ֆակուլտետի ուսանողների քննական հարցաշարում կա այսպիսի մի հարց. «Օսմանյան կայսրությունը Ցեղասպանություն չէր իրականացրել: Ռուսների հետ համագործակցող և օսմանյան բանակին հարված հասցնող հայերի մի մասը մահացել էր դավաճանության համար, մյուս մասը՝ գերմանացիների առաջարկած տեղահանումների հետևանքով՝ քաղցից, հիվանդություններից և ցրտից: Հայերի մեկ այլ մասը դավաճանաբար հեռացել էր ռուսների հետ. այդ կերպ նվազել էր Թուրքիայի հայ բնակչության քանակը»: Ուսանողները պետք է ընտրեն առաջարկվող տարբերակներից մեկը. առաջինը ճիշտ է, երկրորդը՝ սխալ: Ուսանողների մեծ մասը հասկանալի պատճառներով ընտրում է առաջին տարբերակը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---