Թոմաս դե Վաալ. Օբամայի հայտարարությունն իր բնույթով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Թոմաս դե Վաալ. Օբամայի հայտարարությունն իր բնույթով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներից հետո հայ - թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարին էին նվիրված Վաշինգտոնի Քարնեգի հաստատության գրասենյակում անցած քննարկումները: Ըստ քննարկումների մասնակիցների՝ ողջ աշխարհում և հենց Հայաստանում այդ միջոցառումները հայ ժողովրդին որոշ չափով ոգեշնչեցին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վաշինգտոնյան վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով, դրանք նշանավորեցին հայերի միասնությունը: «Այս միջոցառումներից հետո հայերն իրենց պահանջներում, անշուշտ, ավելի ինքնավստահ կլինեն», - ասաց նա: Վերլուծաբանը համոզված է, որ շարունակվող իրավական գործերը թեև կարևոր են, սակայն քաղաքական գործընթացը չեն փոխարինի, և այսպիսով՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքական գործընթացները նույնպես կշարունակվեն:

Քաղաքական գործընթացներին անդրադառնալով՝ Լեհիտ համալսարանի դասախոս Հենրի Բարքեյը, որը ԱՄՆ-ի Պետքարտուղարության քաղաքական պլանավորման բաժնում է աշխատել, ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թեև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը չի օգտագործել, սակայն սուր քննադատության է արժանացել պաշտոնական Անկարայի կողմից:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»: Ըստ նախարարության՝ Օբամայի ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված և՝ հայկական տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, Քարնեգի հաստատության Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալը համոզված է, որ Օբամայի հայտարարությունն իր բնույթով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ առանց ցեղասպանություն բառն օգտագործելու:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը, սակայն այս անգամ հիշատակեց նաև 1915-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

«Միանշանակ, դա մի մարդու հայտարարություն է, ով անձամբ հաստատ հավատում է, որ Հայոց ցեղասպանությունն իրոք տեղի է ունեցել, ու ով ցանկանում է օգտագործել այդ բառը, սակայն որը քաղաքական պատճառով որոշել է դա չանել», - շեշտեց դը Վաալը:

Վերլուծաբանը խորհուրդ տվեց ուշադիր հետևել Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնցից, իր խոսքով, որոշ չափով կախված կլինի նաև հայ - թուրքական հաշտության ապագան: Մասնավորապես, եթե ընտրություններին մասնակցող քրդական կուսակցությանը հաջողվի հաղթահարել 10 տոկոսի շեմը, այդ կուսակցությունը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը:

«Թուրքիայի քուրդ համայնքը Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը դեռևս չի օգտագործում, սակայն լուրջ առաջընթաց է ապրել այդ հարցում և ներողություն է խնդրում հայերից 1915-ին գործածի համար», - նշեց Թոմ դը Վաալը:

Տարեվերջին քրդամետ կուսակցության ներկայացուցիչը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին: Ինչպես և սպասվում էր, առաջարկը մերժվեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---