Լրագրող. Թեհլերյանի պատմությունը ոգեշնչել է հրեա վրիժառուին

Լրագրող. Թեհլերյանի պատմությունը ոգեշնչել է հրեա վրիժառուին

PanARMENIAN.Net - 1926 թվականին հրեա բանաստեղծ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը որոշել էր վրեժխնդիր լինել ուկրաինացի ազգայնականների առաջնորդ Սիմոն Պետլյուրայից արյունալի ջարդերի համար: Հակասեմիտի սպանությանը Շվարցբարդին ոգևորել էր երիտասարդ հայի արարքը, որը դրանից մի քանի տարի առաջ Բեռլինում վրեժխնդիր էր եղել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների կազմակերպիչներից մեկի հետ: Անցյալ շաբաթ աշխարհը հիշատակում էր այդ սարսափելի ողբերգության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Jewish.ru-ում հրապարակված հոդվածում գրել է Նիկոլայ Լեբեդևը, փոխանցում է ArmenianGenocide100.org-ը:

«Սողոմոն Թեհլերյանը շատ ինքնամփոփ մարդ էր՝ միշտ տխուր: Այդ մասին քննության արդյունքում հաղորդել էր 24-ամյա երիտասարդի նախկին տանտիրուհին: Երիտասարդը Բեռլին էր եկել նախորդ դարի 20-ականների սկզբին իբր սովորելու նպատակով: Իր ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում իր սենյակում մթության մեջ նստելով և մանդոլինա նվագելով», - գրել է Լեբեդևը ու շարունակել ներկայացնել Թեհլերյանի պատմությունը, - « Տանտիրուհին տեղեկացել էր, որ երիտասարդի ողջ ընտանիքը մահացել էր 1915-ին հայկական կոտորածների ժամանակ, իսկ տղան հրաշքով էր փրկվել:

Կինն ավելորդ հարցեր չէր տալիս: Նրան զարմացրել էր, որ 1921 թվականի մարտի սկզբին Թեհլերյանը տեղեկացրել էր, որ ապրելու է մեկ այլ բնակարանում, որը գտնվում էր հեղինակավոր Շառլոթենբերգ թաղամասում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ: Իր տեղափոխությունն ուսանողը բացատրել էր նրանով, որ բժիշկը խորհուրդ էր տվել ապրել արևոտ վայրում: Սակայն տեղափոխման իրական պատճառն այլ էր. երիտասարդի ապագա բնակարանի հարևանությամբ պետք է ապրեր Ալի Սալիհ անունով մի մարդ, ում Սողոմոնը պետք է սպաներ»:

Ալի Սալիհ կեղծանվամբ թաքնվում էր 1913-1917 թվականներին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Մուհամեդ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը: 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան Սողոմոնը պատուհանից դուրս էր նայել և տեսել էր Թալեաթ փաշային իր պատշգամբում, գրել է Լեբեդևը՝ հավելելով ավելի ուշ դատարանում Սողոմոնի ասածը, որ ճանաչել է այդ մարդուն թերթում տեսած լուսանկարից:

«Ես հասկացա, որ դա Թալեաթ փաշան էր՝ մարդ, ում խղճի վրա է իմ ծնողների, եղբայրների ու քույրերի արյունը», – ասել էր Թեհլերյանը: Նա դուրս եկավ տնից, հանելով գրպանից ատրճանակը, մահացու հարված հասցրեց նախկին օսմանյան իշխանին: Փողոցում անմիջապես ամբոխ էր հավաքվել, Սողոմոնին ձերբակալում և ոստիկանություն են տանում: Ականատասների վկայությամբ՝ Սողոմոնը գոռում էր. «Ես հայ եմ, իսկ այդ մարդը՝ թուրք: Գերմանիան կապ չունի այս ամենի հետ»: Հետագայում Թեհլերյանը հիշում էր, որ արդեն ոստիկանության բաժանմունքում գտնվելիս ուներ բարոյական բավարարվածության զգացում՝ իմանալով, որ իր գնդակը ճակատագրական էր, գրել է Լեբեդևը ու ընդգծել, որ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն առաջիններից էր, որ բարձրաձայնել էր կայսրությունում տեղի ունեցող կոտորածների մասին: 1919 թվականին նա գլխավորել էր ամերիկյան պատվիրակությունը, որն ուղղված էր Լեհաստանում, Ռուսաստանում և նրա հարակից շրջաններում հրեական ջարդերի ուսումնասիրմանը:

Լեբեդևն անդրադարձել է նաև տեղեկությանը, որ Ուկրաինայում հրեա բնակչությունը քաղաքացիական պատերազմի ընթացքում զգալի չափով տուժել էր ջարդերից, որոնք կազմակերպում էին տեղի ազգայնականները, «կանաչների» խմբավորումները և Կարմիր բանակի մի մասը: Սակայն ժողովրդի հիշողության մեջ ամենաշատը տպավորվել էր Սիմոն Պետլյուրայի գլխավորած զինված ուժերի ձևավորումը Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունում: Ջարդերի արդյունքում Ուկրաինայում զոհ էր դարձել 100-200 հազար հրեա:

«Ոգևորված Թեհլերյանի օրինակով՝ հրեա բանաստեղծ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը ձեռնամուխ է լինում Պետլյուրայի սպանությանը: Պոդոլսկի մարզում ապրող Շվարցբարդի բարեկամները մահացել էին Քաղաքացիական պատերազմի ժամանակ, իսկ Շալոմը Առաջին համաշխարհայինին մասնակցելուց հետո տեղափոխվել էր Արևմտյան Եվրոպա:

1926 թվականին իմանալով, որ Պետլյուրան Փարիզում է՝ Շվարցբարդ որոշում է հետևել նրան և սպանել: 1926 թվականի մայիսի 25-ին Սեն-Միշել պողոտայի և Ռասին փողոցի խաչմերուկում մոտենալով ցուցափեղկերն ուսումնասիրող Պետլյուրային և երեք անգամ կրակելով ատրճանակից՝ հրեան հանգիստ սպասում էր ոստիկանների ժամանմանը, հանձնում է իր զենքն ու հայտարարում, որ մարդասպանի էր սպանել», - գրել է Լեբեդևը՝ ներկայացնելով նաև Շվարցբարդի պատմությունը, - «Շվարցբարդի գործով դատը սկսվել էր 1.5 տարի անց՝ 1927 թվականի հոկտեմբերի 18-ին. այն լայն հրապարակայնություն էր ստացել:

Ամբաստանյալի պաշտպանությանն էին կանգնել մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ փիլիսոփա Անրի Բերգսոնը, գրողներ Ռոմեն Ռոլանը, Անրի Բարբյուսը, Մաքսիմ Գորկին, ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնը և Պոլ Լանժվենը: Պատմաբաններ Սեմյոն Դուբնովը և Իլյա Չերիկովերը տեղեկություն էին հավաքել Ուկրաինայում տեղի ունեցած ջարդերի մասին և ներկայացրել դատարան, իսկ հայտնի հրեա գրող Շոլոմ Աշը գրում էր, որ «Շվարցբարդը վրեժխնդիր էր եղել բոլոր հրեաների համար»:

Արդյունքում Թեհլերյանի և Շվարցբարդի մասին գրել էր փիլիսոփա Հաննա Արենդթը: Նրա կարծիքով՝ երկուսի դեպքում էլ շարժառիթ էր ոչ թե վրեժը, այլ արդարության զգացումը: Նրանք չէին փորձում փախչել ոստիկանությունից, հակառակը, հնազանդ սպասում էին նրա ժամանմանը, որպեսզի ձերբակալվեն, ապա դատարանին ապացուցեն իրենց զոհերի ձեռքով իրականացրած արյունալի վայրագությունները»:

Երկու դեպքում էլ դատարանն արդարացրել էր մեղադրյալներին: Դատական գործընթացից հետո Թեհլերյանը Գերմանիայից տեղափոխվել է Սերբիա, որտեղ ամուսնացել էր հայուհու հետ: Սերբիայում նա ապրեց մոտ 30 տարի, իսկ 50-ականներին ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ մահացել էր 63 տարեկան հասակում: Շվարցբարդն ազատ արձակվելուց հետո մնացել էր Փարիզում, որտեղ էլ շարունակում էր իր գրական գործունեությունը: Մահացել էր 1938 թվականին Հարավային Աֆրիկայում, որտեղ ուղևորվել էր եբրայերեն հրատարակվող նոր գրական ալմանախի համար միջոցներ հավաքելու, եզրափակել է Լեբեդևը՝ ընդգծելով, որ վերջապես 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել էր Ցեղասպանություն հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան: «Ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ գործածվել էր հենց այս փաստաթղթում: Եզրույթի հեղինակն էր ուսանող լինելու տարիներին Թեհլերյանի դատական գործընթացին հետևող հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---