76-ամյա թոշակառուն ոտքով Երևանից Մոսկվա է գնում` Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու

76-ամյա թոշակառուն ոտքով Երևանից Մոսկվա է գնում` Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելու

PanARMENIAN.Net - 76-ամյա թոշակառուն ոտքով Երևանից Մոսկվա է գնում` մայիսի 9-ին Գրիգորի Տեփոյանը մտադիր է ծաղիկներ դնել Անհայտ զինվորի գերեզմանին: Այս քայլարշավը նա նվիրում է ռազմաճակատում բոլոր զոհվածների հիշատակին: Նրանց ընտանիքնց 5 տղամարդ տուն չդարձավ պատերազմից, այդ թվում նաև իր հայրը: Կրտսեր լեյտենանտ Հունան Տեփոյանը զոհվեց Դնեպրոպետրովսկի մատույցներում 1943-ի դեկտեմբերին: Նա ընդամենը 30 տարեկան էր, գրում է «Միր 24»-ը:

«Տուլայի շրջան, «Դոն» մայրուղի, մինչև Մոսկվա 205 կմ կա: Իսկ հետևում արդեն 2000 կմ ավելի է մնացել: Ներկայանում է ուղղակի որպես քեռի Գրիշա: Պատմում է, թե ինչպես մեկ տարի առաջ հայտնվեց մտահղացումը, ինչպես էր մանրակրկիտ պատրաստվում` մարզանք անում, շատ քայլում: Կինն ու դուստրը չէին թույլ տալիս, ստիպված էր խաբել: Մարտի 22-ին, երբ բոլորը քնած էին, նա թաքուն դուրս եկավ Երևանի իր տնից»,-գրում է պարբերականը: «Գիշերը դուրս եկա և ուղիղ` ավտոկայան, մեքենա նստեցի ու մեկնեցի Վրաստան` հայրական տուն, նրանք արդեն ոչինչ չէին կարող անել»,-պատմում է Տեփոյանը:

Վրացական Ալաստան գյուղից է նրա հայրը զորակոչվել ռազմաճակատ, այնտեղից էլ քեռի Գրիշան սկսել է իր արշավը: Կովկասյան լեռնանցքով մինչև ՌԴ սահման նրան բեռնատարն է տարել, իսկ հետո` արդեն ոտքով: Հյուսիսային Օսեթիա, Կրասնոդարի երկրամաս, Ռոստովի, Վորոնեժի, Լիպեցկի և արդեն ահա Տուլայի շրջան: Օրական 40-50 կմ է անցնում: Յուրաքանչյուր 2 ժամը մեկ հանգստանում է: Քեռի Գրիշան պատմում է, որ ամբողջ ճանապարհի ընթացքում մտովի հոր հետ է խոսել:

«Ինձ թվում է` նա ասում է. «Ինչո՞ւ ես այդ տարիքիդ ոտքով գնում»: Իսկ ես պատասխանում եմ. «Հանուն ձեզ էլի կգնամ, ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես նա ինձ հետ է, քայլում է իմ կողքին »,-խոստովանում է Տեփոյանը:

Սկզբից գնում էր տրանսպորտի ուղղությամբ, իսկ հետո հանդիպակաց սկսեց քայլել: Թե չէ այլ կերպ հնարավոր չէ` տեսնում են ծերունի է քայլում, իսկ թիկունքին «Հաղթանակի 70-ամյակ» գրությամբ ուսապարկ է և ուզում են մեքենայով տանել, բայց նա չի ուզում: Իսկ ահա գիշերակացից չի հրաժարվում: Պատմում է, որ միայն մի անգամ են դրա դիմաց գումար վերցրել` ճամփեզրի հյուրանոցներում էլ են ստրաբաց ընդունում: Եվ կերակրում են նույնպես անհատույց: Մի անգամ ադրբեջանցիների է հանդիպել, չի ցանկացել մնալ նրանց հյուրատանը, բայց նրանք թույլ չեն տվել, որ հեռանա` ասել են, հանգստացիր, որքան կուզես:

Տեփոյանի պատմությունը հետաքրքրում է կողքի սեղանի շուրջ նստած երիտասարդներին` երբ իմանում են, որտեղից է գալիս, զարմանում են, իրենք հենց այդ կողմերն են ուղևորվում: «Մենք մոտովազանց ենք կազմակերպել չորս ընկերներով, որոշել ենք Վրաստան հասնել, Երևան, իսկ Հաղթանակի օրը լինել Վոլգոգրադում»,-պատմում է Ռուսլանը:

Բայքերները խոստովանում են. իրենց ավտովազանցն ու քեռի Գրիշայի քայլերթը համեմատելի չեն, թեև տարածությունը նույնն է: Փոխանակում են հեռախոսահամարներն ու բաժանվում` ծերունին դուրս է գալիս ճանապարհելու տղաներին: Իսկ նրա այսօրվա ճանապարհն արդեն ավարտված է` քնել է պետք: Առավոտյան, ժամը 5-ին, նա` զոհված զինվորի որդին, կրկին դուրս կգա «Դոն» ավտոմայրուղի և չորս օրից արդեն Մոսկվայում կլինի: Այնտեղ նրան կդիմավորի թոռը: Ավելի շուտ իրեն մոտենալ պապն է արգելել: Իսկ մայիսի 9-ին նրանք միասին կգնան Կարմիր հրապարակ և ծաղիկներ կդնեն հավերժական կրակի մոտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---