Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն. Նախապատրաստումը տևել է 3 տարի

Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն. Նախապատրաստումը տևել է 3 տարի

PanARMENIAN.Net - Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ Ղուրանը հայերեն է թարգմանվել: Այս մասին նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը: Ընդհանուր առմամբ տպագրվել է Ղուրանի թարգմանության 4000 օրինակ՝ արևելահայերնով և արևմտահայերենով:

Թուրքական Memeurlar.net լրատվականին հղումով Ermenihaber-ը գրում է, որ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրվել է Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի կողմից: «Ղուրանի» այս տարբերակի նախապատրաստումը տևել է երեք տարի: Այն բաղկացած է 10 հատորից (2500 էջ):

Ավելի վաղ՝ 2014-ի սեպտեմբերին, թուրքական Sabah-ը հայտնել էր, որ Ղուրանը պատմության մեջ առաջին անգամ է հայերեն թարգմանվում, այնինչ Ղուրանն արաբերենից առաջին անգամ հայերեն թարգմանել է Ստեփանոս Լեհացին դեռևս XVII դարում. ձեռագիրը պահվում է Մատենադարանում: Հետագայում` 1909-ին, Ղուրանը լույս է տեսել Աբրահամ Ամիրխանյանցի թարգմանությամբ (վերահրատարակվել է 1910-ին), և ևս մեկ անգամ 2006-ին՝ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ՝ պարսկերենից: Թարգմանվել են բոլոր 114 սուրահները և Ղուրանի որոշ մեկնաբանություններ:

Թարգմանությունը գրաքննվել է Էրջիյեսի համալսարանի Գրականության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժնի դասախոս, պրոֆեսոր – դոկտոր Ղաֆուր Մեհդիևի և «Ակօս»-ի խմբագիր Էստուկյանի գլխավորած հանձնաժողովի կողմից:

Թարգմանության մասին իր կարծիքը հայտնելիս Էստուկյանը մասնավորապես նշել է. «Իմ կարծիքով՝ սա շատ էական, կարևոր և յուրահատուկ նախաձեռնություն է: Կարևոր է թե «Աստվածաշնչի», թե «Ղուրանի» թարգմանությունը տարբեր լեզուներով»:

Ղուրանը (բառացի նշանակում է ընթերցվածք), ըստ մահմեդական ուսմունքի, Բարձրյալն ուղարկել է 7-րդ երկինք, որտեղից Ջիբրայիլ հրեշտակը մաս-մաս, 23 տարվա ընթացքում, փոխանցել է Մուհամմեդ մարգարեին:

Ղուրանը քարոզների հավաքածու է. պարունակում է կրոնադավանական, ծիսական ու կենցաղային պատվիրաններ, իրավական դրույթներ, խրատներ, առակներ, աղոթքներ, անեծքներ և այլն: Մուհամմեդի օրոք բանավոր տարածված և 632-ից գրառված քարոզներն Օսման խալիֆի հրամանով 650-ական թվականներին խմբագրվել են, իսկ Ղուրանի կառուցվածքը վերջնականորեն կանոնացվել է Կահիրեի` 1923 թ-ի պաշտոնական հրատարակությամբ: Ղուրանը բաղկացած է 114 սուրահից (գլուխ), որոնց հիմքում հուդայական ու քրիստոնեական կրոնների, մասամբ էլ զրադաշտական ու մանիքեական (աղանդավորական ուսմունք, առաջացել է III դարում, Մերձավոր Արևելքում) ուսմունքների առանձին դրույթներն են՝ 6600 այաթի (բանաստեղծություն) տեսքով: Ըստ Ղուրանի՝ Ալլահը միակ ու ամենազոր արարիչն է, որն ստեղծել է ոչնչից ամեն գոյ և դրանք բերել կարգավորված վիճակի: Նա իր պատգամները, հատկապես աշխարհի վախճանի, Վերջին դատաստանի և հանդերձյալ կյանքի մասին, մարդկանց հաղորդում է մարգարեների միջոցով:

Ղուրանը սահմանում է հավատացյալների հիմնական պարտականությունները, ծիսակարգը, պաշտամունքը և այլն: Ղուրանում առկա որոշ անորոշություններն ու հակասությունները քննադատել են արաբ մի շարք մտածողներ՝ տարբեր մեկնություններով, որտեղ արտացոլվել են մահմեդական աստվածաբանության զարգացման միտումները, մահմեդական համայնքի գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական խնդիրները:

Ղուրանի մեկնությունների և ուսումնասիրությունների հիման վրա ձևավորվել է մահմեդական աստվածաբանությունը, քաղաքացիական ու կրոնական իրավունքը (շարիաթ): XIX դարից սկսած՝ Ղուրանի գիտական ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վերհանելու սուրբ գրքի ստեղծման իսկական պատմությունը, նրա մեջ տեղ գտած իրականն ու առասպելականը, ճշգրտելու Մուհամմեդի կենսագրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---