Վարչապետ. Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար պատշաճ պայմաններ կստեղծվեն

Վարչապետ.  Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար պատշաճ պայմաններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 7-ին կառավարության նիստի սկզբում անդրադարձել է պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիային՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում։ Նա նշել է, որ ցավոք քիչ չեն զոհերը խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է Tert.am-ը։

«Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տները և անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան։ Օրեր առաջ ես լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյման թաղամասի հրթիռակոծության թեմային, որի հետևանքով նաև հայեր էին տուժել։ Դեռ այդ ժամանակ ահազանգ էր հնչեցվել Հալեպի երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը պատրաստ է ընդունել և պատշաճ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների ու դպրոցականների համար»,-ասաց նա։

Հալեպում թեև այսօր վերջին օրերի համեմատ ավելի խաղաղ է, միևնույն է՝ պայթյունների ձայներ են լսվում, փողոցներն էլ դատարկ են։ Արդեն չորս տարի շարունակվող պատերազմի արդյունքում երբեմնի բարեկեցիկ համայնքի 60-70 տոկոսն արդեն հեռացել է:

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները մայիսի 3-ին հրթիռակոծել են երեք թաղամաս: Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Ազիզիե թաղամասերում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են: Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ հարձակումների հեղինակը «Շուհադա Բադր» ծայրահեղական խմբավորումն է, որը գրավել է Բանի Զեյդ շրջանը:

Վարչապետը նշեց, որ կցանկանար, որ այս մասին բոլորը տեղյակ լինեին, ինչի համար առաջարկեց, որ սփյուռքի նախարարը վերադառնալուց հետո կառավարության նիստին մանրակրկիտ ներկայացնի կառավարությանը և ամբողջ հանրությանը, թե ինչ քայեր է անում նախարարությունը, և ինչ խնդիրներն ունի լուծելու կառավարությունը։ Մինչդեռ մայիսի 5-ին կարճատև այցով Հայաստանում գտնվող Հայ ավետարանական համայնքի ղեկավար, վերապատվելի Հարություն Սելիմյանը հայտարարեց, որ Սիրիայի Առաքելական, Կաթողիկե և Ավետարական՝ 3 հայկական եկեղեցու համայնքապետերի ու երեք կուսակցության ղեկավարների որոշումն է՝ Հալեպից հայերի միասնական ու զանգվածային տարհանում չկազմակերպել։

Նա հավելել է, որ պատրաստ են օգնել առանձին ընտանիքների, որոնք պատերազմի պատճառով հեռանալու ցանկություն ունեն. «Բայց եթե զանգվածային գաղթ կամ տեղահանություն կազմակերպենք, կարող ենք պատմության առջև պատասխանատու լինել»: Սելիմյանի խոսքով, նման բարդ որոշում կայացնելիս 3 հիմնական գործոն են հաշվի առել․ նախ այն, որ Հալեպը ողջ աշխարհում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման կենտրոններից մեկն է եղել ու այն վերացնել չեն ցանկանում։ Բացի այդ, հայկական համայնքի ղեկավարները կարծում են, որ ազնիվ չէ դժվար պահին լքել Սիրիան, որը ժամանակին ապաստան է տվել Եղեռնից փրկված հազարավոր հայերի, գրել է «Ազատություն» ռադիոկայանը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Ապրիլի 28-ին Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախը պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Ֆեյսբուքում inews էջը, որը համակարգում են Հալեպում և Սիրիայի այլ տարածքներում ապող երիտասարդներ՝ իրենց ներկայացնելով որպես ոչ մի կուսակցության չհարող, տարածել է լուսանկար, որում Սբ Քառասուն Մանուկ եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է: Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---