Լատվիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն պատրաստ է քննարկել ՀՀ հետ նոր համաձայնագրի հնարավորությունը

Լատվիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն պատրաստ է քննարկել ՀՀ հետ նոր համաձայնագրի հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԵՄ «Արևելյան գործընկերության» երեք երկիր (Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը), որոնք ասոցացման մասին համաձայնագրեր չունեն Եվրամիության հետ, պետք է օգտվեն հնարավորությունից և զարգացնեն գործակցությունն ի շահ բոլոր կողմերի, հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար և ԵՄ Խորհրդի նախագահ Էդգարս Ռինկևիչսը:

«Մենք տրամադրված են օգնելու երկրներին, որոնք դեռ չեն անդամակցում ԱՀԿ-ին, կազմակերպությանն անդամակցելու հարցում: Մենք կառաջարկենք սա, երբ հանդիպենք մեր գործընկերների հետ Ռիգայի գագաթնաժողովում: Բնականաբար, մենք պետք է սերտորեն համագործակցենք նրանց հետո, քանի որ հենց որ այդ երկրներն անդամակցեն ԱՀԿ-ին, նրանք միանգամից կընդլայնեն իրենց հնարավորությունները»,-ասել է նա:

Մայիսի 6-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում նրան հարց տրվեց այն մասին, թե ինչ կարող է Եվրամիությունն առաջարկել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր չունեցող երկրներին:

Ըստ նրա, ԵՄ-ն կարող է վերսկսել երկխոսությունն Ադրբեջանի հետ, որը ԱՀԿ անդամ չէ, համագործակցության նոր պայմանների, այդ թվում տնտեսական գործակցության, ինչպես նաև ազատ առևտրի շուրջ, հայտնում է Ինտերֆաքս-Արևմուտքը:

Ինչ վերաբերում է Բելառուսին, որը ևս ԱՀԿ անդամ չէ, նա հնարավոր է համարում «ավելի կանոնավոր ու կառուցվածքային երկխոսությունը»: «Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, ինչ կարող ենք»,-ասել է Ռինկևիչսը: Հայաստանի պարագայում ԵՄ-ն պատրաստ է քննարկել նոր համաձայնագրի հնարավորությունը, ասել է նա` հավելելով, որ պետք է իմանալ այդ երկրների «հատուկ, առանձնակի շահերը»:

Ռինկևիչսը պարզաբանել է, որ այս ամենն առաջարկների հնարավոր տարբերակներն են, որոնք կարող են ընդգրկվել «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի հայտարարության մեջ, որի լրամշակման վրա այժմ աշխատում են ԵՄ-ում:

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կանցնի Ռիգայում մայիսի 21-22-ին:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ:

Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանի շրջանակում քննարկմանը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում ԵՄ հիմնական բանաձևը հետևյալն է՝ այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետո համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում:

Նա նշեց, որ ԵՄ-ն պետք է ճկուն գտնվի, հարմարվի փոփոխվող հանգամանքներին, հաշվի առնի ճգնաժամերը, որ առաջանում են անդամ երկրներում:

Ըստ Յոհաննես Հանի՝ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---