Հաղթանակի 70-ամյակ. Երևանում սպասվում են զինվորական շքերթ, տոնական համերգ ու հրավառություն

Հաղթանակի 70-ամյակ. Երևանում սպասվում են զինվորական շքերթ, տոնական համերգ ու հրավառություն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանում և մարզերում կազմակերպվող միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:

Մայիսի 9-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին՝ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, ՊՆ, Զինված ուժերի, օտարերկրյա դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, վետերանների՝ «Հաղթանակ» զբոսայգի այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի Անհայտ զինվորի հուշակոթողին:

Ժամը 10:30-ին Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ տեղի կունենա ՀՀ ԶՈՒ, ՌԴ սահմանապահ և 102-րդ բազայի միացյալ ստորաբաժանումների զինվորական շքերթը:

Շքերթից հետո կառավարական հանձնաժողովի անդամները, տոնակատարության մասնակիցներն ու պատերազմի վետերանները Մայր Հայաստան զինվորական թանգարանում կդիտեն Մեծ հաղթանակին վերաբերվող նորացված ցուցադրությունները:

Ժամը 13:00-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա հայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՊՆ նվագախմբի, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տան «Զորական» ու «Սարդարապատ» համույթների մասնակցությամբ:

Ժամը 22:00-ին Երևանում տեղի կունենա 70 համազարկով տոնական հրավառություն:

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում ժամը 10:00-ին տեղի կունենան ՀՀ զինված ուժերի և ՌԴ ԶՈՒ 102-րդ բազայի համահավաք վաշտերի զինվորական շքերթը:

ՀՀ ՊՆ-ն տեղակացնում է, որ միջոցառումներ կկազմակերպվեն ՀՀ նաև այլ քաղաքներում: Մեծ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները՝ միութենական մյուս հանրապետություններից։

200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Բրեստի ամրոցում և շրջակայքում պատերազմի սկզբում ծառայում էր շուրջ 200 հայ զինվոր:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ: Հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան):

Կարդացեք նաև՝ Հայաստանում Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---