Ստամբուլի հայկական որբանոցի քանդման աշխատանքները մեկ ամսով կասեցվել են

Ստամբուլի հայկական որբանոցի քանդման աշխատանքները մեկ ամսով կասեցվել են

PanARMENIAN.Net - Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, գրում է «Ակոս» շաբաթաթերթի կայքը: Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով, վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին, հայտնում է Tert.am-ը:

Օրերս հայտնի դարձավ, որ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգում գտնվող Թուզլա գյուղի «Արմեն» հայկական որբանոցը կանգնած է քանդման վտանգի առջև: «Ակոս»-ի հաղորդմամբ՝ չնայած որբանոցը քանդելուն դեմ ուղղված բոլոր արշավներին՝ շինարարական մեքենաները վաղ առավոտյան գետնին են հավասարեցրել որբանոցի շենքը: «Թուրքիայի հայկական համայնքի՝ պետության կողմից խլված գույքից ամենավառ խորհրդանշական իմաստն ունեցող այս որբանոցը 1915 թվականից տուն է եղել բազում հայ որբերի, այդ թվում` Հրանտ Դինքի ու Ռաքել Դինքի, պատգամավոր Էրոլ Դորանի և 1500 այլ երեխաների համար»,- գրում է «Ակոս»-ը: Որբանոցի տարածքում նախատեսում են կառուցել շքեղ առանձնատներ:

Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա:

Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա: «Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն» հայկական ճամբար-որբանոցը քանդելու գործընթացին: «Հրանտ Դինքն ու Ռաքել Դինքը մեծ ներդրում են ունեցել այստեղ: Մարդիկ, երեխաները բառի բուն իմաստով իրենց ձեռքերով են կառուցել ցեղասպանությունից հետո տարբեր կողմերում ցրված հայերի երեխաների համար օջախ դարձած Թուզլայի ճամբարը, կամ, ինչպես ավելի հայտնի է, «Արմեն» ճամբարը: Սակայն չորեքշաբթի մի առավոտ մեքենաներ մտան և ճամբարի մի հատվածը հողին հավասարեցրին: Ակնհայտ էր, որ առանձնատներով շրջապատված ճամբարի գլխին մի բան էր գալու: Ո՞վ գիտի, գուցե առևտրի կենտրոն կամ նստավայր…Նոր ժամանակաշրջանին հարմար ինչ-որ բան: Մի ժամանակ այս հողերում հայերի ապրած լինելու փաստը ջնջող, մեր անցյալը, մեր ինքնությունը գողացող ինչ-որ բան:Եվ անշուշտ, օրինական մի բան, որ վերջում ձեռքերը կողմնակի պարզած ասեն՝ «Անելու ոչինչ չկա»:

1915-ին կատարվածի հարյուրամյակի, Հրանտին մեզնից խլելու 8-րդ տարում մեր վերքի վրա աղ լցրին: Այս հասարակությանը հիշեցրին, որ ինչ-որ բան երբեք չի փոխվել, այլ պարզապես նոր ձևակերպում է ստացելԵվ, անշուշտ, հիշեցրին, որ պետությունն ու իրավական համակարգը, անկառավարելի ջրի նման, ամեն անգամ ունեցվածք զավթելու, հանրության ձեռքից ինչ-որ բան խլելու, դեպի իրեն շրջելու ճամփով է գնում:

Այդ բնական ու կործանիչ ընթացքը խաթարելու համար անմարդկային ջանքեր են պետք: Այս պետությունն այսպես է ստեղծվել ու այդպես է աշխատում: Մեր իրական խնդիրը սա չէ՞ արդեն 100 տարի: Եվ արդեն ինչ-որ տեղից ինչ-որ բան սկսելու ժամանակը չէ՞ արդյոք»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---