ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել ԱԺ-ում էլէներգիայի թանկացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար

ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել ԱԺ-ում էլէներգիայի թանկացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը քայլեր կձեռնարկի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը կանխելու, դրա հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, այսօր՝ մայիսի 15-ին հայտարարել է ընդդիմադիր քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք երեկ խմբակցության նիստում որոշում ենք ընդունել և այսօր ձևաթուղթ ենք վերցրել: Երկուշաբթի օրը մինչև ժամը 12-ը մենք պետք է հավաքենք 44 ստորագրություն, փորձենք արտահերթ քննարկում անել Ազգային ժողովում, ձեզ արդեն հայտնի ընթացակարգով դնել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով», - ասել է Զուրաբյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ:

Նա հավելել է, որ արդեն դիմել է խորհրդարանի 4 խմբակցությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ անհրաժեշտ 44 ստորագրությունները կհավաքվեն, քանի որ խնդիրը հույժ կարևոր է:

ՀԱԿ-ը չի բացառում նաև պայքարի այլ տարբերակները, այդ թվում՝ բողոքի ակցիաների անցկացումը: Պետությունը, Զուրաբյանի խոսքով, հերթական անգամ որոշել է ոչ թե բացահայտել չարաշահումների պատճառները, այլ «թալանը թողնել անփոփոխ և ստիպել հանրությանը վճարել այդ չարաշահումների դիմաց»․ - «Զուտ միայն 15 դրամով ՀԷՑ¬-ի համար էներգիան թանկացնելու արդյունքում մեկ տարվա ընթացքում կկարողանան 250 միլիոն դոլարը՝ ապօրինի կուտակված պարտքը փակել: Այս հաշվարկները ապացուցում են մի բան՝ թանկացումը արվում է միայն մեկ նպատակով՝ փակել ՀԷՑ-ում հանցավոր ճանապարհով կուտակված 205 միլիոն դոլարի պարտքը»:

Ընդդիմադիր գործիչը գտնում է, որ եթե հանրությունն անտարբեր չմնա և մի քանի հազար մարդ փողոց դուրս գա, իշխանությունը կխուսափի թանկացումից: Նա հիշեցրեց, որ մեծ պարտքեր կուտակած ՀԷՑ-ը անցյալ տարի 3-3.5 միլիոն դոլար է ծախսել բարեգործական նպատակներով:

«Սա կփորձենք: Չստացվի՝ ուրիշ քայլեր կփորձենք: Կարևորը այն է, որ գնալով այդ դիմադրության մթնոլորտը մենք կարողանանք Հայաստանում ստեղծել», - նշեց Լևոն Զուրաբյանը:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մայիսի 14-ին հայտարարել է, որ ՀԷՑ-ի՝ մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը, որով առաջարկում էէլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով, բավարար հիմք չէ նման որոշման ընդունման համար:

«Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կառույցը ստեղծվել է, որպեսզի կարողանա այդ խնդիրներին մասնագիտական գնահատական տալ: «Համբերեք, դուք այդ պատասխանը կստանաք»,- հոդորել է Ռոբերտ Նազարյանը և հայտնել, որ ՀԷՑ-ի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով է ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։

Միևնույն ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 13-ին հայտարարել է, թե սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ՀԱԷԿ-ի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում:

Նա նշել է, որ սակագների փոփոխության ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա և բացի կորուստներից, վերջին մեկ-երկու տարում առկա է նաև ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---