Կոպենհագենում Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացումը հետաձգվել է վանդալիզմի մտավախությամբ

Կոպենհագենում Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացումը հետաձգվել է վանդալիզմի մտավախությամբ

PanARMENIAN.Net - Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հետաձգվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Ինչպես հայտնում է տեղական The Local պարբերականը, «The Draem» (Danish Remembrance Armenian Empathy Messenge – Հայ ժողովրդին դանիացիների ցավակցական ուղերձ) վերնագրով և 9 մետր բարձրությամբ քանդակը նախատեսվում էր տեղադրել Կոպենհագենի Կուլտորվեթ հրապարակում մայիսի 23-ին, սակայն վանդալիզմի մտավախությունն ու նույնիսկ բռնությունը հետաձգել են քանդակի բացումը մինչև սեպտեմբեր:

Քանդակը պետք է հիշատակեր օսմանյան վարչակազմի ձեռքով իրականացրած 1.5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցը: Նախագծի բացման մասին հայտարարությունն ապրիլին առաջ էր բերել Կոպենհագենում թուրքական դեսպանատան պաշտոնական բողոքը, որը քանդակը կոչել էր «բարոյապես անթույլատրելի», հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Մտավախությունները, թե քանդակը կարող է վանդալիզմի զոհ դառնալ, ստիպել է Դանիայում Հայաստանի դեսպանին հետաձգել դրա բացումը մինչև սեպտեմբեր:

«Ինչպես գիտենք, «The Draem»-ը նախագծվել էր որպես խաղաղության խթանման գործոն, սակայն այն կարող է սանձազերծել զայրույթ, որը կարող է հանգեցնել բռնության», – գրել է դեսպան Հրաչյա Աղաջանյանը Կոպենհագենի փոխքաղաքապետ Կառլ Քրիստիան Էբեսենին, հաղորդում է աղբյուրը` հղում անելով Politiken պարբերականին:

Աղաջանյանն ասել է թերթին, որ ապահովագրված լինելու տեսանկյունից՝ նախագիծը «բարձր ռիսկային» է համարվում: Փոխքաղաքապետ Էբեսենն, իր հերթին, հայտնել է, որ ափսոսում է կոթողի բացման հետաձգման համար: «Որպես քաղաքական գործիչ և Դանիայի Ժողովրդական կուսակցության անդամ՝ ես խորապես վիրավորված եմ այն փաստով, որ մարդիկ Դանիայում չեն կարող արտահայտել իրենց կարծիքը: Կարծում եմ՝ մենք պետք է լրջորեն վերաբերվենք այդ հարցին և չնահանջենք»,- ասել է նա Politiken թերթին:

Ավելի վաղ, Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդերգաարդը հայտարարեց, որ իր երկիրը պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում 1915-ի ողբերգությունը, երբ Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է մոտ 1,5 մլն հայ: Նա նշել է, որ Դանիայի կառավարությունը «չի փորձում թաքցնել 1915-ի ողբերգական իրադարձությունների ծավալաները, սակայն պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում»:

«Մեր տեսակետն այն է, որ այդ հարցը պետք է պատմաբաններին թողնել: Միայն նրանք կարող են պատասխանել այն հարցին, թե իրականում ինչ է կատարվել և կարելի է արդյոք 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն համարել»,-ասել է Լիդեգաարդը: Ըստ նրա, «պատմության քաղաքականացումը չի նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---