Բելգիայի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև ընդունել

Բելգիայի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև ընդունել

PanARMENIAN.Net - Բելգիայի դաշնային խորհրդարանական չորս խմբակցությունը՝ «Ֆլամանդական նոր դաշինք», «Ռեֆորմատորական շարժում», «Քրիստոնեա-դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական բաց լիբերալներ ու դեմոկրատներ», նախատեսում են երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև ներկայացնել: Բելգիական Le Soir պարբերականին հղումով ArmenianGenocide100.org-ը գրում է, որ այս մասին տեղեկացրել է «Ռեֆորմատորական շարժում» խմբակցության նախագահ Դընի Դյուկարմը:

Վերջինս նշել է, որ բանաձևի տեքստը մշակման վերջնականփուլում է, սակայն խորհրդարանի լիագումար նիստում քննարկման համար պատրաստ կլինի հավանաբար մինչև տարեվերջ: Պատգամավորն ընդգծել է, որ նախաձեռնությամբ կուսակցությունները հանդես են եկել նախքան խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավորներ Էմիր Կիրի և Մահինուր Օզդեմիրի կողմից Ցեղասպանության հանդեպ ժխտողական վերաբերմունքի արտահայտումը:

Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ, ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից:

Ըստ թուրքական TRThaber-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից, գրում է Ermenihaber-ը:

Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին, իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---