Թուրքիայի ԱԳՆ խոսնակ. Ցեղասպանության հարցով հետ կանչված դեսպանները չեն վերադառնա իրենց պաշտոններին

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ. Ցեղասպանության հարցով հետ կանչված դեսպանները չեն վերադառնա իրենց պաշտոններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը անդրադարձել է Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևին:

Բիլգիչի խոսքով՝ Թուրքիայի քաղաքականությունը «հայկական պնդումների» նկատմամբ չի փոխվելու, Haberler-ին հղումով գրում է Yerkir.am-ը:

Հարցին, թե Թուրքիան Ցեղասպանության հարցում նոր մոտեցում ցուցաբերելո՞ւ է և Բրազիլիայից hետ կանչված թուրք դեսպանը ե՞րբ է վերադառնալու, նա պատասխանել է. «Մեր ԵՄ նախարարը ոչ միայն 1915 թվականի իրադարձությունների, այլ նաև այլ գործոնների մասին հայտնեց, սակայն, ընդհանուր առումով, այդ բանաձևը մեզ համար անընդունելի է: Այսպես կոչված` ցեղասպանության պնդումների հարցում քաղաքականության որևէ փոփոխություն չի լինելու: Այս հարցում մյուս երկրներին ինչ մոտեցում ցուցաբերել ենք, այնպես էլ Բրազիլիայի նկատմամբ ենք ցուցաբերել: Այդ արտահայտությունն առաջին անգամ օգտագործած երկրներում հավատարմագրված մեր դեսպաններին կանչել էինք խորհրդակցությունների, և առայժմ նրանք չեն վերադառնա իրենց պաշտոններին»:

Բիլգիչը դարձյալ կրկնել է թուրք գործիչների՝ «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու» միտքը: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայից իր դեսպանին այդ երկրի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Ապրիլի 23-ին Անկարան հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից հետո:

Ավելի վաղ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո Թուրքիա կանչվեց` խորհրդակցության նպատակով: Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել նաև Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Սակայն նույնը չարվեց Ռուսաստանի դեպքում, թեև մայիսի սկզբին Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան, հարկ եղած դեպքում, կվերանայի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ դեսպանին հետ կկանչի և հյուպատոսության մակարդակով, կամ, եթե հարկ լինի, գործերի հավատարմատարի մակարդակով կշարունակվի։ Անգամ նման երկրի հետ, որի հետ լավ հարաբերություններ ունենք, կարող ենք նման կեցվածք դրսևորել, և եթե անհրաժեշտ լինի՝ կփորձենք դա»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---