Ցուցարարների 4-րդ գիշերը. Ռոք-համերգ, պահանջներ և առավոտյան վոլեյբոլ

Ցուցարարների 4-րդ գիշերը. Ռոք-համերգ, պահանջներ և առավոտյան վոլեյբոլ

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները չորրորդ գիշերն են անցկացրել Բաղրամյանի պողոտայում: Գիշերը խաղաղ է անցել, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու փորձեր չի ձեռնարկել:

Հունիսի 25-ի երեկոյան ցուցարարների թիվը հասնում էր մի քանի հազարի՝ չնայած հորդառատ անձրևին և ամպրոպին: Ակցիայի համակարգողները ցելոֆանով պատսպարել են բոլոր ցուցարարներին անձրևից:

Մինչ այդ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտա են բերելսգո ծաղկեպսակ՝ «Ժողովրդի կողմից՝ թալանչիներին» գրությամբ:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ամեն օր երթեր են կազմակերպելու` կաթվածահար անելով երթևեկությունը քաղաքում:

«Այսօր մենք մեր երթերով կաթվածահար ենք արել ամբողջ քաղաքը և ամեն օր այդպես է լինելու: Սա անհնազանդության խաղաղ ակցիա է, այն շարունակվելու է և ավարտվելու է հաղթանակով»,- ասել է ակտիվիստներից մեկը:

«Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա, քանի դեռ խնդիրը լուծում չի ստացել»,-իր հերթին ասել է ակտիվիստ Մաքս Սարգսյանը, հայտնում է Armenia Today-ը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներիի հետ զրույցում նշել է, որ կան որոշ բացասական երևությներ. «Փոքր էլեմենտներ կան, բայց դրանք մտածելու տեղիք են տալիս»:

Օսիպյանը նախ նկատել է, որ երեկ ակցիային մասնակիցների մեջ եղել են որոշ քաղաքացիներ, որոնք ոչ սթափ էին, բացի այդ, եղել են դեպքեր, երբ որոշ մարդիկ փորձել են Բաղրամյան պողոտա ջրի տարաներով ալկոհոլ տեղափոխել, ինչը կասեցվել է ոստիկանների կողմից.

«Կա տեսանյութ այդ մասին, տեսանյութ կա նաև այն մասին, որ այսօր ավազներով լցված տարաներ են փորձել բերել, ինչը նույնպես կասեցվել է»:

Հարցին, թե ալկոհոլ տեղափոխելու դեպքը երբ է եղել, փոխոստիկանապետը նշել է՝ գիշերը: Ըստ նրա՝ այդ ամենը հաստատող փաստերն առկա են. «Պատկերացրեք՝ խմած մարդն ինչի է ընդունակ»,-մեջբերում է Panorama.am-ը:

Ակտիվիստները կոչ են արել մարդկանց առավել ակտիվ ներգրավվել խնդիրների լուծման մեջ:

«Պետք չէ տանը նստել ու բողոքել, պետք չէ խնդիրների լուծումը փնտրել դեսպանատների մոտ հերթերում: Մի մոռացեք, որ այս երկիրն է մեր տունը, մի դավաճանեք ձեր ապագային»:

Նրանք նշում են, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ հեռանան երկրից, բայց դա չի լինի, երկիրը թող լքեն գործող իշխանությունները:

«Այս իշխանություններն այնքան թույլ են, որ սադրանքների են գնում: Բայց թող իմանան, որ եթե ձեռք բարձրացնեն այստեղ նստած քաղաքացիների վրա, վաղը այստեղ ամբողջ ազգը կհավաքվի»,-հայտարարել է նախաձեռնության անդամը` հավելելով, որ երկիրը, այդ թվում նաև ոստիկանությունը այստեղ հավաքված մարդկանցն են: Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ոստիկանությունը մերն է, բայց խուլիգանների ձեռքն է»:

Ակտիվիստները հայտարարել են նաև, որ ոչ թե իրենք են հրաժարվել նախագահի հետ հանդիպումից, այլ նախագահն է հրաժարվել:

Ըստ նրանց, իրենք պատրաստ էին հանդիպել, սակայն պահանջեցին, որ ուղիղ եթեր լինի, և բոլոր մասնակիցներին թույլ տան մոտենալ նախագահականին` սատարելու համար ակտիվիստներին: Նրանք նշում են, որ այդ պահանջներից հետո, հանդիպման առաջարկը մերժվել է: «Դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք»,- ասել են նրանք:

Բացի այդ, նրանք խնդրել են լրագրողներին հետաքննություն անցկացնել, քանի որ որոշ տեղեկություններ ունեն, որ իրականում ՀԷՑ-ը պահանջել է բարձրացնել սակագինը 6,2 դրամով:

«Խնդրում ենք լրագրողներին հետաքննել իրավիճակը, պաշտոնական հարցում ներկայացնել ՀԷՑ-ին` թե որքան բարձրացում են պահաջնել և ինչ հիմնավորմամբ: Հետո իշխանությունները գլխիվայր շրջեցին ամեն ինչ, հենց այդ պատճառով էլ Բիբինը չներկայացավ նիստին: Խնդրում ենք ստուգել ինֆորմացիան»,-ասել են ակտիվիստները:

Ուշ երեկոյան Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ սպառնալիքներն աճում են:

Համակարգող խմբի անդամները կոչ են արել ալկոհոլ չբերել ակցիայի վայր և հանել դիմակները: «Մենք թաքցնելու բան չունենք»,-հայտարարել են նրանք` կոչ անելով զգոն լինել ու ուշադիր հետևել մարդկանց ու առարկաներին տարածքում, իսկ կասկածների դեպքում հայտնել համակարգող խմբին:

Ուշ երեկոյան ակցիայի վայրում փոքր համերգ է կազմակերպել «Որդան կարմիր» ռոք խումբը: Խմբի մենակատար Վահան Պողոսյանը հայտարարել է, որ խումբը պետք է ելույթ ունենար փաբերից մեկում, բայց քանի որ ժողովուրդը հիմա Բաղրամյանի պողոտայում է, նրանք որոշել են ելույթ ունենալ փողոցում` սատարելով ակցիայի մասնակիցներին:

Վաղ առավոտյան ցուցարարները հավաքել են կուտակված աղբը, մաքրել փողոցը: Սակայն «Սանիտեկ» աղբահավաք կազմակերպությունը դեռ աղբահավաք մեքենա չի ուղարկել աղբը տեղափոխելու համար` մտավախություն ունենալով, թե մեքենան կվնասեն: Ցուցարարները մտադիր են անձամբ հրավիրել ընկերության ներկայացուցիչներին` երաշխավորելով, որ մեքենան չի վնասվի:

Մի խումբ երիտասարդներ որպես առավոտյան մարզանք վոլեյբոլ են խաղացել:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---