ԼՂՀ ՊՆ. Առաջնագծում ստեղծված լարվածության համար պատասխանատու կլինի ադրբեջանական կողմը

ԼՂՀ ՊՆ. Առաջնագծում ստեղծված լարվածության համար պատասխանատու կլինի ադրբեջանական կողմը

PanARMENIAN.Net - Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ, ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ադրբեջանական կողմն օրերս հերթական ապատեղեկատվությունն էր տարածել` մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ: Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

ԼՂՀ ՊՆ-ն իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---