Ադրբեջանում շարունակվում է հայ գերու «դատը». Դատավճիռն անփոփոխ է մնացել

Ադրբեջանում շարունակվում է հայ գերու «դատը». Դատավճիռն անփոփոխ է մնացել

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Ադրբեջանի Գյանջայի վերաքննիչ դատարանը քննել է նախորդ տարվա դեկտեմբերին շփման գիծն Աղդամի շրջանում հատած ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանի բողոքարկման դիմումը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Դատական նիստն անցել է դատավոր Մուխտարովի նախագահությամբ փակ ռեժիմով:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

Մայիսի սկզբին Արսեն Բաղդասարյանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Հավանաբար, նա Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների համար Բաքվի «վրեժի» զոհը դարձավ:

Ինչպես մայիսի 7-ին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հակադրել նրան այն ոճրագործներին, որոնք հանցագործություններ են կատարել ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ցույց տալ, իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի տարածքում:

Ա.Բաղդասարյանը ձերբակալվել է 2014-ի դեկտեմբերի 26-ին, և դատարանի որոշմամաբ, նրա ազատազրկումը հաշվարկվում է ձերբակալման օրվանից: Ինչպես գրում է «Ինտերֆաք-Ադրբեջանը», Ա. Բաղդասարյանը դեռ նախաքննության ժամանակ և քննության հաջորդ փուլերում «խոստովանել է իր կատարած հանցագործություններն ու ծավալուն տեղեկություններ հաղորդել դրանց մասին»: Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 12 հոդվածներով:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---