Կոնգրեսական. ՀՀ-ն կարող է կարևոր դեր խաղալ ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում

Կոնգրեսական. ՀՀ-ն կարող է կարևոր դեր խաղալ ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան, թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը:

«Միացյալ Նահանգները ռազմակայան ունի Թուրքիայում և անշուշտ չի ցանկանում որևէ կերպ վատացնել հարաբերություններն այդ երկրի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ն պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաև հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը», - ասել է Կանչելյան-Սպիրը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի և դրա խորացման նոր հնարավորությունների մասին:

Նա հավելել է, որ ամերիկահայ համայնքը կարևոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ և Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը պատրաստ է օգնել Հայաստանին, գրում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Կանչելյան-Սպիրը նաև ասել է, որ իրեն խորապես վիրավորված է զգում, որ իր երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի և թե՛ իր իսկ արժեքներին չդավաճանելու համար։

«Մայրս ազգությամբ հայ էր, նա դեռ վաղ տարիներից ինձ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին և ամբողջ կյանքիս ընթացքում իմ նախնիներից փոխանցված այս հիշողությունը հետևել է ինձ։ Ցավով եմ նշում՝ մեր երկիրը դեռ չի ճանաչել 20-րդ դարի այս առաջին Ցեղասպանությունը։ Այսպիսով, Ցեղասպանության ճանաչման հարցը կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը իմ պարտքն է մորս առջև», - ասել է Կանչելյան-Սպիրը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության խնդրին կոնգրեսականները մեծ պատասխանատվությամբ են մոտենում:

Անդրադառնալով Հայաստանին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության հարցին՝ նա նկատել է, որ Հայաստանին հատկացվող օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Մինչդեռ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է:

«Կարծում եմ՝ Հայաստանին հատկացվող օգնությունը կարևոր է. ՀՀ-ն շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ երկիրն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները ևս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ»,- ասել է Կանչելյան-Սպիրը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման Ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

ԱՄՆ 50 նահանգից 44-ն արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---