Ցեղասպանության 100-րդ տարելիցը Լիբանանում. Թանգարանի բացում, պատարագ, հուշարձանի տեղադրում

Ցեղասպանության 100-րդ տարելիցը Լիբանանում. Թանգարանի բացում, պատարագ, հուշարձանի տեղադրում

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ից 20-ը Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են եղել: Հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատությունում բացվել է Արամ Բեզիկյանի անունը կրող թանգարանը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման առթիվ:

Բացմանը ներկա էին Լիբանան ժամանած տարբեր եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո բոլոր թեմակալ առաջնորդները, Մարոնի համայնքի պատրիարք Բշարա Ռայը, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սուրբ Աթոռի պատվիրակը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի քրիստոնեական համայնքը ներկայացնող մի շարք հոգևոր առաջնորդներ, քաղաքական և մշակութային գործիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:

Նույն օրը երեկոյան Բիքֆայայի Աստվածամոր հայ առաքելական վանքում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև, Արամ Ա-ի նախագահությամբ կատարվել է մյուռոնի օրհնության արարողություն, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Հուլիսի 19-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է սուրբ պատարագ: Նույն օրը Բիքֆայայի Սուրբ Աստվածամոր վանական համալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ Բեյրութի ֆիլարմոնիկ նվագախումբը կատարել է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ անվանի երգահանների ստեղծագործությունները:

Ելույթ են ունեցել նաև աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը և տենոր Բարսեղ Թումանյանը:

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Այնթուրա, որտեղ տեղադրված է Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին նվիրված հուշարձանը: Նույն օրը դեսպան Քոչարյանի ուղեկցությամբ նախարարը Բիքֆայայում հանդիպել է Արամ Ա-ին: Քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը:

1997-ի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային ժողովը որոշում է ընդունել, որով ճանաչում է ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2000-ի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ընդունեց և դատապարտեց Ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---