Ստերլիգովը մի քանի օրով ԼՂՀ-ից մեկնել էր Ռուսաստան «զրպարտիչներին լռեցնելու համար»

Ստերլիգովը մի քանի օրով ԼՂՀ-ից մեկնել էր Ռուսաստան «զրպարտիչներին լռեցնելու համար»

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի միլիարդատեր Գերման Ստերլիգովը մեկնաբանել է զրպարտիչ նյութերն ադրբեջանական և մասնակիորեն նաև ռուսական ԶԼՄ-ներում` իր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնելու հանգամանքների մասին:

«Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասը մի ամբողջ շաբաթ զրպարտիչ նյութեր էին տարածում իմ մասին` թե ես «փախել եմ Լեռնային Ղարաբաղ» թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Նվաստանալու և ապացուցելու փոխարեն, որ դա սուտ է, ես որոշեցի բացահայտել զրպարտությունն ամենապարզ ձևով` մի քանի օրով վերադառնալով Ռուսաստան, որպեսզի բոլոր զրպարտիչներին լռեցնեմ»,-գրել է Ստերլիգով «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:

Նա նաև նշել է, որ 3 օրում Մոսկվայում իր անձի հանդեպ ՌԴ իրավապահ մարմինները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել:

«Թեման համարում եմ փակված և վերադառնում են Լեռնային Ղարաբաղ կնոջս և երեխաներիս մոտ»,-ասել է ռուսաստանցի ձեռնարկատերը:

Իր հերթին «Տրեշչև և գործընկերներ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Տրեշչևը, մեկնաբանելով Ադրբեջանում քրգործի հարուցումը Ստերլիգովի դեմ, «Կոմերսանտին» տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ նրա դեմ հարուցված գործը ոչ մի զարգացում չի ունենա:

«Դա քաղաքականացված գործ է, որը ոչ մի հեռանկար չունի: ՄԱԿ բոլոր կոնվենցիաները, եվրոպականները ասում են, որ մարդն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Ստերլիգովը ոչինչ չի խախտել. նա գաղտնի չի հատել սահմանը անտառներով, չի խախտել միգրացիոն օրենսդրությունները, առավել ևս, չի առաջարկել ոչ մեկի իշխանությունը տապալել, նա միայն ասել է, որ իրեն այստեղ դուր է գալիս: Նա գտնվում է մի տարածքում, որն ունի երկրին բնորոշ բոլոր հատկանիշները, ուստի ոչինչ չի լինի: Օտար երկրի ոչ մի իշխանություն չի կարող այնտեղ հատուկ գործողություն կատարել` նրան ինչ-որ կերպ իր տարածք փոխադրելու համար` քրգործը կյանքի կոչելու մղումով»,-վստահ է Տրեշչևը: «Լենտա.ռու-ին» տված հարցազրույցում Ստերլիգովն անդրադարձել է ԼՂՀ տեղափոխվելու դրդապատճառներին. «Այստեղ շատ գեղեցիկ է, ինչպես բուրումնավետ այգում, դեռ բավարար են ջրային ռեսուրսները: Բայց գլխավորը, այստեղ զարմանալի ժողովուրդ է ապրում, որը պահպանել է ավանդույթներն ու հաղթել է մեծ Ադրբեջանի հետ պատերազմում: Եվ այստեղ ընդհանրապես հանցավորություն չկա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերման Ստերլիգովի հանդեպ զրպարտության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեց Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը: «Մասնավոր բնույթի դիմում է ներկայացվել Ստերլիգովի և իմ դեմ: Երբ նման դիմում է ուղղվում դատարան, գործը մեխանիկորեն հարուցվում է: Մեր դեմ հարուցված գործը զրպարտության մասին է: Բացի այդ, հայտարարություն է ներկայացվել Մոսկվա քաղաքի փաստաբանների պալատ՝ ինձ փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջով»,- ասել է Հայրապետովը: Նրա խոսքով՝ գործի հարուցումը նախաձեռնել է Իսրայելի քաղաքացի Միլանա Գորենշտեյնը, որն այժմ մշտապես ապրում է Թել Ավիվում:

Ստերլիգովի դեմ քրեական գործ կարող էին հարուցել Ղարաբաղում նրա գնած ջրաղացի պատճառով, ասել էր «Նորությունների ռուսական ծառայությանը» գործարարի կինը` Ալյոնա Ստերլիգովան: «Ես չգիտեմ, ինչ գործով: Բայց ինչպես հասկացա, դա ջրաղացին է առնչվում: Գիտեմ, որ ինչ-որ հարցեր են առաջացել այդ կապակցությամբ»,-հավելել է նա:

Ստերլիգովան պատմել է, որ ամուսնու հետ միասին նրանք ջրաղաց էին փնտրում տարբեր երկրներում: «Մենք շրջեցինք ամբողջ Ղարաբաղով, իսկ մինչ այդ փնտրում էինք Ռուսաստանում, Բուլղարիայում, եզակի ջրաղաց էինք փնտրում և այստեղ գտանք այն, որը հայտնի դարձավ: Այն դարձավ Ղարաբաղի կենտրոնը, ուր զբոսաշրջիկներ են այցելում»,-ասել է նա:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Նրա անունը կապում են ԲՈՐՆ նեոնացիստական խմբավորման գործի քննության հետ, որի անդամները սպանել են հայտնի ռուս փաստաբան Ստանիսլավ Մարկելովին և «Նոր թերթի» լրագրող Անաստասիա Բաբուրովային: Ըստ վարկածներից մեկի, խմբավորման անդամաները մարզվել են Ստերլիգովի հատկացված տարածքում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ստերլիգովին ընդգրկել է իր «սև ցուցակում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Ստերլիգովի դեմ երկու քրեական հոդվածներով: Նրան մեղադրում են պետության դեմ ուղղված բացահայտ կոչերի ու պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---