10 օգոստոսի 2015 - 17:31 AMT
Թուրք վերլուծաբան. Ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի՝ տրավմա

Հայաստանի հետ լուրջ դիվանագիտության հատատումը կարող է ղարաբաղյան հարցի լուծման տրամաբանական տարբերակներ բերել օրակարգ, իսկ պատերազմը վերջին ելքը կլինի միայն բոլոր տարբերակները սպառելուց հետո: Այս մասին ասել է Թուրքիայում գործող «Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (KAFKASSAM) նախագահ Հասան Օքթայը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ԼՂՀ-ն «ազատագրելու» մասին հայտարարությունը:

Անդրադառնալով Հասանովի՝ Ղարաբաղը զենքով գրավելու մասին օրերս հնչեցրած հայտարարությանը, թուրք վերլուծաբանը նշել է, որ ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա, Haberx-ի վրա հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Սա հասկանում են նաև Ադրբեջանում, և տարին մի քանի անգամ մամուլում հայտարարություններ են տարածվում հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բայց Ադրբեջանի ժողովուրդը նման հայտարություններին այլևս չի վստահում», - նկատել է Օքթայը:

Ղարաբաղյան խնդրի լուծումը նա տեսնում է դիվանագիտության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը դիվանագիտության մեջ փնտրելու դեպքում ավելի տրամաբանական արդյունքներ կարող են օրակարգ բերել»,- ասել է նա՝ հավելով, որ պատերազմի թեման անընդհատ օրակարգում պահելը, իսկ դիվանագիտությունն արհամարհելը թերևս ոչ մի օգուտ Ադրբեջանին Ղարաբաղի հարցում տալ չի կարող:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 6-ին այցելել է առաջնագծում տեղակայված զորամասերից մեկը, որտեղ հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով՝ հասունացել է վճռական պահը, և ժողովուրդը, ում «համբերությունը սպառվել է, պահանջում է ազատագրել ադրբեջանական տարածքները»։