Հարձակում Ստամբուլի «Արմեն» որբանոց-ճամբարի պաշտպանների վրա. Կան վիրավորներ

Հարձակում Ստամբուլի «Արմեն» որբանոց-ճամբարի պաշտպանների վրա. Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայում «Արմեն» որբանոց- ճամբարը չքանդելու համար իրականացվող հերթապահության 100-րդ օրն այն հսկողները հարձակման են ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, հսկողություն իրականացնող «Նոր զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ՝ ժամը 23:30-ի մոտակայքում, ճամբարի վրա հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնում է Tert. am-ը:

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցին պատկանող տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան: Իրավապաշտպան կազմակերպության անդամները նշել են՝ չնայած տրված խոստումներին՝ «Քամփ Արմեն» հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը դեռևս չի վերադարձվել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան ուղարկված դիմումների մեջ նշվել է, որ ոչ մահմեդական համայնքին պատկանող սեփականության հափշտակմամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների և Լոզանի համաձայնագրերը:

«Օրեր շարունակվող ճնշումներից հետո, օգոստոսի 13-ին՝ «Արմեն» ճամբարի դիմադրության 100-րդ օրը, գիշերը ժամը 23:30-ի մոտակայքում ֆաշիստական հարձակում է իրականացվել: Երկու մեքենաներով ճամբար եկած անձինք հերթապահող մեր ընկերների վրա փայտերով հարձակում են իրականացրել: Այդ ընթացքում մեր ընկերներից երկուսը ծեծի են ենթարկվել»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ չնայած այդ հարձակմանը՝ իրենց պայքարը շարունակվելու է: «Մեր բոլոր բարեկամներին հրավիրում ենք աջակցելու մեր դիմադրությանը»,- սել են կազմակերպիչները:

Հուլիսին Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ էր կազմակերպվել: Քայլերթը սկսվել է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում: Քայլերթից հետո ճամբարում հավաքված մասնակիցները հայտարարություն են արել՝ պահանջելով ճամբարը վերադարձնել հայ համայնքին: Ելույթ է ունեցել նաև ԺՀԿ պատգամավոր Յարքադաշը՝ ասելով, թե ԺՀԿ-ն հայ ժողովրդի բարեկամն է, այն միշտ տուժողների կողիքին է և թույլ չի տա, որ որևէ մեկը տուժի:

«Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել վերանորոգել որբանոցը, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:

5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961-ին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974-ին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977-ին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Որոշ ժամանակ անց որոշումը ժամանակավորապես կասեցվել է:

Թուրքիայում 2011-ին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին, սակայն, «Արմեն ճամբար» ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---