Սասունում հրկիզված հայկական եկեղեցու ու գերեզմանատան հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանում

Սասունում հրկիզված հայկական եկեղեցու ու գերեզմանատան հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի Մեշելի գյուղի պատմական հայկական Սբ Պետրոս վանական համալիրի և հարակից գերեզմանոցի տարածքում բռնկված հրդեհի հարցը բարձրացվել է Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս):

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմից ընտրված պատգամավոր Ալի Աթալան գրավոր դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելահեթթին Օզթուրքին՝ փորձելով տեղեկություն ստանալ հրդեհի պատճառների բացահայտման և հետևանքների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք քայլերի մասին, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել: Արևմտյան Հայաստանի մի շարք տարածաշրջաններում գտնվող եկեղեցիների, գրանցման ու վերականգնման համար պայքարող Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք ավելի վաղ գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները:

Միությունը հրդեհի առիթով Սասունի տարածքային դատախազություն հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել:

Աթալան ներքին գործերի նախարարին գրավոր հարցապնդում է ներկայացրել:

«Տեղի ունեցած հարձակման հետևանքով ավերված հայկական Սբ Պետրոս վանական համալիրի և հարակից գերեզմանոցի տարածքը իր նախկին վիճակին բերելու համար որոշակի քայլեր ձեռնարկվելու՞ են, եթե այո, ապա՝ երբ են ձեռնարկվելու», - հարցրել է պարգամավորը:

Նա նաև հետաքրքրվել է, թե կարողացե՞լ են պարզել հարձակումը կազմակերպողների ինքնությունը: Հանցագործների հետ կապված ինչպիսի՞ իրավական գործընթացներ են իրականացվել կամ իրականացվելու: Արդյո՞ք չեք համարում, որ Թուրքիայի հայերին պատկանող վանական համալիրների և գերեզմանատների վրա կատարվող հարձակումները ազգայնամոլական բնույթ ունեն: Հանցագործությունն իրականացնողների նկատմամբ նաև այս տեսակետից իրավական գործընթաց սկսվելու՞ է: Արդյո՞ք պատրաստվում եք իրավական գործընթաց սկսել այն անվտանգության ուժերի և ՏԻՄ մարմինների դեմ, որոնք չեն մեկնել հրդեհի վայրը:

Աթալան նաև հարցրել է, թե ո՞վ է փոխատուցելու այն նյութական և բարոյական վնասը, որ հասցվել է համալիրին: Ինչպես նաև հարցրել է, թե Ինչպիսի քայլեր են ներկայումս ձեռնարկում՝ մարդկանց համար առաջնային հոգևոր նշանակություն ունեցող գերեզմանատներում նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար:

2015-ի ապրիլի տեղեկություններով, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերում են գանձ որոնողները: Գերեզմանները նրանց կողմից պղծվել են:

2008-ին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը՝ անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար և տապալել 8 գերեզմանաքար: Նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար:

2012-ին հայտնի դարձավ Էրուհ շրջանում ավտոճանապարհի շինարարության ժամանակ հայկական գերեզմանատունը քանդելու և մարդկային ոսկորները հողի վրա թողնելու դեպքի մասին։

2014-ի հուլիսին «Ակոս»-ը գրեց, որ Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար:

Տեղեկություններ են տարածվել նաև թուրքական Թունջելի շրջանի Մազկերտ թաղամասի հայկական գերեզմանատանը փոսեր փորելու մասին:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության իրավունքը 2015-ի փետրվարին վերադարձրել է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---