ՀՀ վարչապետն առաջարկել է ԵՏՄ-ում առևտուրը ռուբլով անել

ՀՀ վարչապետն առաջարկել է ԵՏՄ-ում առևտուրը ռուբլով անել

PanARMENIAN.Net - Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկում է ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուբլով` առանց դոլարի հետ կապ ունենալու: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսի Գրոդնոյում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

«Կարևոր է ԵՏՄ–ի անդամ պետությունների միջև ռուբլով ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրի իրականացման գաղափարը` առանց դոլարի հետ կապ ունենալու»,- ասել է վարչապետը, մեջբերում է «Sputnik-Արմենիա»-ն:

Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում անցկացնել միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին հայտարարել է, որ ԵՏՄ նոր մաքսային օրենսգիրքը պետք է ընդունվի մոտ ժամանակում և ուժի մեջ մտնի 2016-ին: Նրա խոսքով՝ մինչ ընթացիկ տարվա վերջ կնախապատրաստվեն համաձայնագրեր միջազգային պայմանագրեր կնքելու կարգի վերաբերյալ, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են նաև ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ ԵՏՄ շրջանակում արդյունաբերական գործակցության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական գործակցության ընդլայնմանը և խորացմանը միության շրջանակում: Այս համատեքստում ընդգծելով ՀՀ փորձն ու մասնագիտացումը՝ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակության հետ կապերի վարչությունը:

Անդրադառնալով ԵՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ գորրծակցության կարևորությանը, Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առևտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ հետ համապատասխան երկխոսության ձևավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության և փոխլրացնող սկզբունքի ապահովմանը:

Նիստի վերջում միության անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթուղթ, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են RFID տեխնոլոգիաների ցուցադրությանը, այցելել «Կորոբչիցի» ագրոտուրիստական համալիր:

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---