Նալբանդյանը՝ Բրիտանիայում. ԼՂՀ հիմնախնդիրն ու ԵՄ հետ հարաբերությունները

Նալբանդյանը՝ Բրիտանիայում. ԼՂՀ հիմնախնդիրն ու ԵՄ հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Համոնդը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։

Արտգործնախարարը իր հեթին նկատել է, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընլայնման համար։

Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնման ուղիները։ Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, գործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ։

Նալբանդյանը Համոնդին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։

Մարտին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (Prevention of genocide): Հայաստանին են միացել և բանաձևը համահեղինակել 64 պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը:

Այնուհետև Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան - Եվրոպական միություն գործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Նույն օրը Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը։

Լորդերի պալատում հունիսի 16-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Այն բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հարցնելով, թե արդյո՞ք Բրիտանիան պատրաստվում է 1915 թվականին հայերի, հույների ու ասորիների սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն։Հարցին ի պատասխան Քորթաունի կոմս Ջեյմս Սթոփֆորդը հայտնել է, որ իրենք ճանաչում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ խմբերի սարսափելի տառապանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---