Նալբանդյան. ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, իսկ ՀՀ-ի հետ հարաբերությունները՝ դաշինք

Նալբանդյան. ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, իսկ ՀՀ-ի հետ հարաբերությունները՝ դաշինք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, ակտիվ է սպառազինությունների շուկայում, և ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է բրիտանական BBC գործակալության ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Մենք Ռուսաստանից գնում, ստանում ենք սպառազինություններ, և այս առումով որևէ նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին կամ այլ երկրներին, դա թերևս նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, ակտիվ է սպառազինությունների շուկայում»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի ասել, թե հայկական կողմին շատ է դուր գալիս, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Ռուսաստանից, սակայն դրանք երևի «առևտրի, բիզնեսի հետ կապված հարցեր են, իսկ ՀՀ-ի հետ հարաբերությունները՝ միանշանակ դաշնակցային են»:

Անդրադառնալով ԵՏՄ-ի հետ գործակցությանը՝ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միևնույն ժամանակ պատրաստ է գործակցել նաև Եվրամիության հետ բոլոր հնարավոր ոլորտներում։

«Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների տեսանկյունից մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը. մենք Եվրասիական միության անդամ ենք, և պատրաստ ենք գործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով, սակայն, Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում: Մենք պատրաստ ենք առավելագույնը զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Նալբանդյանը։

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, և դա որոշակի արդյունք է տվել:

«ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան նախագահների մակարդակով արդեն 5 հայտարարություն են արել: Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փորձում է առհասարակ չհիշել այդ հայտարարությունների մասին, կարծես դրանք չեն էլ եղել», - ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ միջազգային հանրությունը որոշակի ընդհանուր մոտեցում է առաջարկել, որի հիման վրա կարելի է լուծել հակամարտությունը, սակայն կողմերից մեկը՝ Ադրբեջանը, հրաժարվում է այդ հիմքով գնալ կարգավորման և ավելին՝ ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն։

«Վերջին 30 տարում 160 մլն-ից այդ թիվը հասել է 5 մլրդ-ի։ Վերջին 10 տարում՝ 30 անգամ: Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մեկ այլ պետություն, որն իր ռազմական բյուջեն ավելացրել է 30 անգամ: Ինչպես նաև, մշտապես սադրանքների է գնում, օգտագործում է ագրեսիվ, սպառնալից հռետորաբանություն, թե ահա նոր պատերազմ կսկսի»,-ասել է Նալբանդյանը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ վստահության ավելացմանն ուղղված համանախագահների առաջարկները ևս մերժվում են Ադրբեջանի կողմից։

«Նրանք պարզապես պատրանքներ ունեն, թե գազից ու նավթից ստացված փողերով, որոնց գինն այժմ նվազում է, կարող են գնել ամեն ինչ՝ թե՛ ընկերներ, թե՛ հակամարտության կարգավորում, որը կբխի իրենց շահերից: Սակայն դա այդպես չէ» ,-ասել է Նալբանդյանը: Նա նկատել է, որ ամբողջ աշխարհն է քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, իսկ ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ հակամարտության գոտում լարվածությունն ուժեղացնելով, սակայն դա նրան չի օգնում:

Ցամաքային զորքերի համար ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը գերազանցում է $12 մլրդ-ը:

Ստրատեգիաների ու տեխնոլոգիաների անալիզի կենտրոնի տվյալով, Ռուսաստանի կողմից իրագործվող ցամաքային զորքերի համար տեխնիկայի հիմնական պայմանագրերին են վերաբերում Տ-90Ս տանկերի մատակարարումը (որը հետաքրքրում է Հնդկաստանին ու Ադրբեջանին), ինչպես նաև ՀՄՄ-3 (որը հետաքրքրում է Ադրբեջանին ու Ինդոնեզիային), ինքնագնաց հրետանու ու ծանր կրականետային համակարգի (Իրաք, Ադրբեջան), ռազմամթերքի (Հնդկաստան, ԱՄԷ), ինժեներական տեխնիկայի (Իրաք), հակատանկային համալիրի (Բահրեյն, Նամիբիա), հրազենի: Բացի այդ, բազմաթիվ համաձայնագրեր են կյանքի կոչվում ավելի վաղ մատակարարված տեխնիկայի մոդերնիզացիայի մասով, մասնավորապես՝ Ալժիրի հետ:

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---