2015-ի վերջին Ցեղասպանության մասին հանրագիտարան է հրատարակվելու

2015-ի վերջին Ցեղասպանության մասին հանրագիտարան է հրատարակվելու

PanARMENIAN.Net - 2015-ի վերջին Հայոց ցեղասպանության հանրագիտարան է հրապարակվելու՝ հայերն և անգլերեն լեզուներով: Այս մասին տեղեկացրել էՀայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը սեպտեմբերի 23-ին թանգարան-ինստիտուտում կայացած չորս գրքի շնորհանդեսի ընթացքում:

ներկայացվել է Արման Կիրակոսյանի՝ «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը: Գրքերը հրատարակվել են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից:

Հանրագիտարանը նույնպես հրապարակվելու է թանգարան-ինստիտուտի կողմից:

«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» ձեռնարկի հեղինակ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ուսումնասիրել է ժամանակակից ամերիկյան հանրագիտարանները՝ հասկանալու, թե ինչպես է արտացոլված հանրագիտարաններում Ցեղասպանության հարցը:

«15 տարվա նյութը հասցրել եմ ամփոփել մեկ ձեռնարկում, որտեղ 40 հանրգիտարան է ներառված, հեղինակները առաջատար մասնագետներն են ԱՄՆ-ից և այլ երկրներից, ցեղասպանագետներ: Ես փորձել եմ նյութը բաժանել 16 գլխի, որոնք և կոնցեպտուալ բնույթի են, և պատմական, և ժամանակագրական», - ասել է ձեռնարկի հեղինակը:

Կիրակոսյանը նշել է, որ կարծում է՝ Հայաստանն այս ոլորտում կարիք ունի առանձին հանրագիտարանի, գրում է Tert.am-ը:

«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը ներկայացրել է Թաթոյանը: Նա նկատել է, որ թեման ամենահակասական հարցերից մեկն է, որովհետև թուրքական ժամանակակից պատմագրությունը և իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը՝ հիմնվելով օսմանյան վիճակագրության վրա՝ ըստ որի՝ օսմանահպատակ հայերի թիվը եղել է 1 մլն 300.000 մարդ:

«Փորձել եմ վերլուծել այդ ժամանակ հրապարակի վրա եղած երկու կարևորագույն մարմիների տվյալները՝ Օսմանյան կայսրության և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի, որոնք միայն իրավունք ունեին հաշվարկներ անցկացնել», - ասել է Թաթոյանը:

Հեղինակը նշել է, որ մենագրությունում հաստատում է, որ մինչ հայկական հարցը 2 մլն 400.000 հայ է եղել Օսմանյան Թուրքիայում, իսկ երբ հայկական հարցը դրվել է օրակարգ, միանգամից երկու անգամ նվազեցրել են օսմանահպատակ հայերի թվաքանակը: Ըստ նրա՝ հաշվառումից խուսափելու ձգտումը նույնպես ազդել է թվաքանկի նվազման վրա:

Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» գիրքը ներկայացրել է Դեմոյանը: Նրա խոսքով՝ աշխատությունն արվել է հոգեբանական, գրականագիտական մեթոդոլոգիայի կիրառմամբ:

«Հեղինակն անդրադարձել է հարցին, թե երկրորդ սերնդի մոտ Հայոց ցեղասպանությունը ինչպիսի արձագանքներ է ստացել գրական աշխատանքներում, դրանցում արտացոլվում են մարդու հոգեբանական մոտեցումները», - ասել է Դեմոյանը:

«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալիս, նա նշել է, որ սեպտեմբերի 21-ին առաջ Օսլոյում բացվել է հենց այս թեմայով ցուցադրությունը:

Վերջում Դեմոյանը վկայականներ և հուշամեդալներ է հանձնել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք աջակցել են գրքերի հրապարկմանը:

Օգոստոսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի«Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսն էր: Այս հատորը 2009-ին լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված է հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող մոտ 600 լուսանկար:

Գրքում առաջին անգամ ներկայացվում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքը և առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչև օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---