Գյումրիում օծվել է կաթողիկե Սրբոց նահատակաց եկեղեցին

Գյումրիում օծվել է կաթողիկե Սրբոց նահատակաց եկեղեցին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Գյումրիում տեղի է ունեցել Հայ կաթողիկե «Սրբոց նահատակաց» աթոռանիստ եկեղեցու օծման արարողությունն ու պատարագը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակում: Եկեղեցին իր անվանումը կրում է ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակի:

Արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաև եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից:

Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ:

Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական նվիրակ եպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին ընթերցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար:

Գյումրիում Հայ կաթողիկե աթոռոնիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ Գ.Տ. Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արքեպիսկոպոս Կարաքեհեէյան: Շինարարական աշխատանքները սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010-ից՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ:

Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011-ից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց նահատակաց անվանումը:

Եկեղեցու կառուցման հիմնական աջակիցներն են՝ Վատիկանի Սբ Աթոռը, Արևելյան եկեղեցիների ժողովը, Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ կաթողիկե եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք արևելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լևոնյան վարժարանը, Սբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---